«Յունիբանկի» բաժնետոմսերը տեղափոխվեցին բորսայի հիմնական (A) ցուցակ

«Յունիբանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվեցին հիմնական (A) ցուցակ: Դա հնարավոր եղավ հանրությանը պատկանող բաժնետոմսերի չափաբաժնի մեծացման շնորհիվ: Այժմ «Յունիբանկի» ազատ շրջանառվող բաժնետոմսերի մասը գերազանցում է 15.8%-ը, ինչը վկայում է  բանկի բաժնետոմսերով առևտրի ծավալների աճի և բաժնետոմսերի իրացվելիության բարձր մակարդակի մասին:

Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում և ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը` էապես համալրելով կապիտալը և ապահովելով բանկի հետագա առաջխաղացումը շուկայում:  2016թ.-ի երրորդ եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունք գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 41%-ով: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի  կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622 մլն ՀՀ դրամի շահույթ:

Հաշվի առնելով հասարակության և ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության և բաժնետոմսերի նկատմամբ, ևս մեկ թողարկում «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել այս տարվա աշնանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս