«Ես ճի՞շտ եմ հասկանում՝ դուք ներկայացնում եք նախագիծ, որը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը». Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Հարությունյանին
«Ամռանը մենք Ընտրական օրենսգրքի (ԸՕ) մի փաթեթ ընդունեցինք, որը սեպտեմբերի 1-ի հայտարարությամբ՝ չեղյալ արվեց՝ կապված տեխնիկական միջոցների հետ։ Հիմա կանխատեսումներ են հնչում, որ այս փաթեթը նույնպես կարժանանա նախկինի ճակատագրին։ Եթե տեսանկարահանման հետ կապված կառավարության հայտարարած մրցույթին ոչ մի ընկերություն հայտ չի ներկայացնում, ի՞նչ է լինում այդ պարագայում, ինչքանո՞վ է հնարավոր այս իրավիճակը։ Հաջորդ՝ կապված ստորագրված ցուցակների հրապարակման հետ, ինչքանո՞վ եք հավանական համարում, որ իշխանությունը որևէ լծակով Սահմանադրական դատարանում այս դրույթը չեղյալ կհայտարարի։ Ի՞նչ նկատի ունեմ. 2012թ. մայիսի 5-ին Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որտեղ արձանագրել է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն։ Ինչքանո՞վ է հավանական, որ խորհրդարանական մեծամասնությունը չի դիմի Սահմանադրական դատարան՝ այդ պահանջով»,- այսօր ԱԺ-ում ԸՕ-ում փոփոխություններ անելու մասին նախագծի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին նման հարցադրում ուղղեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Հարցադրմանն ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի մասին որևէ կանխատեսում անել չի կարող, իսկ այն, որ խորհրդարանական մեծամասնությունը չի դիմի Սահմանադրական դատարան, նա երաշխավորում է։
Ինչ վերաբերում է տեսանկարահանման սարքերի մրցույթին, ապա նա նշեց, որ եթե մրցույթի ժամանակ հայտեր չլինեն, ապա տեսանկարահանումը չի լինի. «Եթե գիտեք այլ լուծում, բացահայտեք դա։ Բացի բաց գնման ընթացակարգից, այլ լուծում չի լինի այդ դեպքում։ Որպեսզի այդ ընթացակարգի պատասխանատվությունը չլինի միմիայն իշխանության վրա, մենք համաձայնության ենք եկել, որ իշխանությունը կլինի այդ հանձնաժողովում փոքրամասնություն»։
Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց՝ ես ճի՞շտ եմ հասկանում՝ դուք ներկայացնում եք նախագիծ, որը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, և ասում եք, որ խորհրդարանական մեծամասնությունն այդ հարցով չի դիմի Սահմանդրական դատարան.
«Եթե այդպես է, ուրիշ սուբյեկտներ կարող են դիմել, և ինչպես նախորդ համաձայնության տապալման պատասխանատվությունը դրվեց լեհական ընկերության վրա, հիմա էլ կդրվի որևէ այլ սուբյեկտի վրա։ Դուք հարցնում եք՝ ո՞րն է մեխանիզմը, և հաստատում այդ կասկածները։ Եթե պետությունը խնդիր է դնում, ուրեմն՝ պետք է նաև այդ խնդիրը լուծի, ինչպես մնացած խնդիրներն է լուծում։ Այսինքն՝ ամեն անգամ ընդունել օրենք, որի իրականացումը կախված չէ պետությունից և ընդհանրապես պետական համակարգից, կարծում եմ՝ մի փոքր անհասկանալի է»։
Պատասխանը սկսելով վերջին հարցից՝ Դ. Հարությունյանն էլ նշեց, որ ի սկզբանե հայտարարել է՝ դա չի կարող լինել պետական խնդիր, ու ամբողջ քննարկումներն ընթացել են հենց այդ կոնտեքստում.
«Համաձայնել ենք, որ դա պետք է անի մասնագիտացված կազմակերպություն, որովհետև պետությունը տեսանկարահանող չէ, նա կարող է միայն պատվիրել նման ծառայություն։ Երկրորդ՝ ես չասացի, որ այս օրենքը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, այլ նշեցի, որ չեմ կարող որևէ կարծիք հայտնել ՍԴ-ի հնարավոր որոշման վերաբերյալ։ Բայց եթե ձեզ հետաքրքրում է, թե արդյոք իմ կարծիքով՝ այս փոփոխությունը հակասո՞ւմ է ՍԴ որոշմանը, թե՞ ոչ, ապա չի հակասում։ ՍԴ-ի հին որոշումը բաղկացած էր ընդամենը մեկ կարևոր մտքից, որ այն մեխանիզմը, որը գործում էր ԸՕ-ում, չի հակասում Սահմանադրությանը։ Մնացածը նկարագրական մասում ՍԴ-ի դիրքորոշումներն են, որոնք իրավունքի աղբյուր չեն։ Այնպես որ, իմ խորին համոզմամբ՝ այն չի հակասում, իհարկե, չի բխում ՍԴ-ի նկարագրական մասից, բայց դա չի նշանակում, որ հակասում է ՍԴ որոշմանը»։