«ԵՏՄ-ն քաղաքացիների համար ստեղծում է բավականին նպաստավոր պայմաններ. Խնդիրները մի քիչ նվազել են». Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ
«Այսօր Սփյուռքի նախարարությունը հանդիպում է կազմակերպել սփյուռքի խնդիրները քննարկելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ։
Վ. Աղայանի խոսքով՝ շատ հարցեր կան՝ սփյուռքի հետ կապերի ամրապնդում, սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդում, և այլն. «Մենք շարժում ենք ձևավորել՝ հանուն համազգային միասնության, այդ համազգային միասնությունը 3 էլեմենտից է բաղկացած՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ։ Երևի պատմության մեջ այդքան պետք չի եղել միասնություն, ինչքան այսօր, մենք փորձում ենք այդ երեք հատվածը միավորել, միասնական հանդես գալ, հատկապես այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձությունների պայմաններում Հայաստանի համար միշտ էլ սատար կարող է լինել սփյուռքը»։
Խոսելով Ռուսաստանում բնակվող հայերի խնդիրների մասին՝ Վ. Աղայանը նշեց, որ առաջին խնդիրը հայապահպանության խնդիրն է. «Ռուսաստանի համայնքն ունի հայապահանության խնդիր։ Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ այստեղ բնակվում է 3 միլիոն հայ, որից միայն 1 միլիոն 150 հազարն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, մնացածն աշխատանքային միգրանտներ են։ ԵՏՄ-ն քաղաքացիների համար ստեղծում է բավականին նպաստավոր պայմաններ, հատկապես աշխատանքային միգրանտների համար։ Խնդիրները մի քիչ նվազել են, բայց իրավական պաշտպանության, կրթամշակութային հարցերը միշտ էլ կան ու մեր ուշադրության կենտրոնում են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։