«Այն, որ Հայաստանից է լինելու գլխավոր քարտուղարը, միայն տեխնիկական խնդիր է ու ՀԱՊԿ-ի քաղաքականության վրա որևէ կերպ ազդել չի կարող». Ա. Իսկանդարյան
Չէի ասի, թե ինչ-որ նոր ու լուրջ բաներ քննարկվեցին ՀԱՊԿ գագաթաժողովում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ պարզ է, որ Ռուսաստանը հաշվի է առնում իր հետաքրքրությունները, իսկ նա հետաքրքրություններ ունի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ կապված. «Իսկ ՀԱՊԿ-ից մենք ստանում ենք զինամթերք՝ բավականին էժան գներով։ Սա համագործակցության այն տեսակն է, որը թույլ է տալիս մեզ ապահովել մեր անվտանգությունը։ Իսկ այն, որ բացի Հայաստանից, Ռուսաստանն այլ երկրներում էլ հետաքրքրություններ ունի, այդ թվում՝ Ադրբեջանում, ոչ ոք չի հերքում»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգման մասով նա նշեց, որ դրա հստակ պատասխանը միայն գագաթաժողովի մասնակիցներն ունեն. «Ակնհայտ է, որ կան հակասություններ կամ ՀԱՊԿ տարբեր երկրների միջև, կամ Մոսկվայում։ Եթե ՌԴ-ն լուրջ ցանկություն ունենար դա իրականացնելու, մանավանդ, որ դա տեխնիկական քայլ էր, ապա կգտներ դա անելու միջոց։ Ակնհայտ է, որ նման լուրջ մտադրություն չի ունեցել Ռուսաստանը։ Ես չեմ կարծում, որ խնդիրը ներհայաստանյան է, որ այստեղ չեն կարողացել թեկնածու ընտրել և առաջադրել։ Իսկ այն, որ Հայաստանից է լինելու գլխավոր քարտուղարը, միայն տեխնիկական խնդիր է ու ՀԱՊԿ-ի քաղաքականության վրա որևէ կերպ ազդել չի կարող»։
Նրա խոսքով՝ ցանկացած կազմակերպություն համագործակցության համար է, բայց կոնֆլիկտներ էլ են լինում այնտեղ. «Օրինակ՝ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան և Հունաստանը լրիվ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Դա կա նաև ՀԱՊԿ-ում, ու գլխավոր քարտուղարի նշանակումը, հնարավոր է, հետաձգվեց, որովհետև մյուս երկրները տարբեր դիրքորոշումներ են ունեցել։ Բայց սա գուշակություն է, իրական պատճառները չգիտենք և կարող ենք միայն ենթադրել»։
Ղարաբաղյան խնդրի մասին խոսելով՝ նա նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրներն այս հարցում էլ տարբեր մոտեցումներ ու դիրքորոշումներ ունեն. «Այդ երկրները նույնիսկ միմյանց հետ հակասություններ ունեն։ ՀԱՊԿ շրջանակներում միշտ առաջանում են շատ լուրջ կոնֆլիկտներ՝ կապված ռուս-ղազախական, ռուս-բելառուսական հարաբերությունների հետ, այդ թվում՝ նաև Հայաստանի հետ՝ Ղարաբաղի մասով»։