Բաժիններ՝

«Պանրի արտահանման ծավալներն ավելացել են, բայց հնարավորությունները լիովին չեն օգտագործվել». Արմեն Գիգոյան

Հայաստանից արտահանվող պանրի ծավալները զգալիորեն ավելացել են: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` հայկական պանիր 1.3 անգամ ավելի շատ է արտահանվել` նախորդ տարվա 2580.7 տոննայից հասնելով 3300.2 տոննայի: Դրա մեծ մասն ուղարկվել է Ռուսաստան` 3269 տոննա` նախորդ տարվա առաջին կիսամյակի 2574 տոննայի փոխարեն: Արտահանումներ են իրականացվել նաև ԱՄՆ` 16.5 տոննա, Վրաստան` 13տ, Իսրայել` 240 կգ, Շրի Լանկա` 25 կգ:

Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ անցած տարվա համեմատ՝ արտահանումների դինամիկան աճել է, և դա պայմանավորված է Ռուսաստանում առաջացած դեֆիցիտով:

«Մինչև արևմտյան սանկցիաները Ռուսաստանում սպառվող պանրի մոտ կեսը ներկրվում էր, որի կեսն էլ ապահովում էին Բելառուսը և Ուկրաինան: ՌԴ-ի ձեռնարկած սանկցիաների հետևանքով էլ դադարեցվեց Ուկրաինայից պանրի ներկրումը»,- ասաց Ա.Գիգոյանը:

Այդ ամբողջ ծավալը, ըստ Ա.Գիգոյանի, Հայաստանի ամբողջ սպառման ծավալից 7-8 անգամ ավելի է, և այդ պատճառով այնտեղ թեկուզ փոքր դեֆիցիտը մեծ հնարավորություն է Հայաստանի համար: Նա նշեց, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել, Ռուսաստանն ինքն էլ է փորձում ավելացնել իր արտադրության ծավալները, սակայն դա այնքան էլ արագ չի կարող կատարվել:

«Հայաստանը լիովին չի օգտագործել ստեղծված հնարավորությունը: Մենք չպետք է թվերին նայենք, մենք պետք է նայենք, թե ինչ ձևով ենք աշխատանք տանում, որ ոչ թե այսօրվա վաճառքի հարցերը լուծենք, այլ վաղվա ծավալները կտրուկ մեծացնենք: Մենք պետք է առաջին հերթին՝ կաթի արտադրության ծավալների կտրուկ ավելացման աշխատանքներ տանեինք: Այս առումով շատ կարևոր է և օրակարգային ֆերմերային տնտեսությունների ինստիտուտի ձևավորումը»,- ասաց Ա.Գիգոյանը` հավելելով, որ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար ասոցիացիան մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս