Բաժիններ՝

«Ես եկել եմ այստեղ ծանոթանալու, սովորելու և ինձ համար նոր բացահայտումներ անելու». Դի Դի Բրիջուոթեր

«Ջազի հայկական ասոցիացիայի» և «Մեցցո Պրոդաքշնի» համատեղ ջանքերով Հայաստանում մեկնարկում է տարվա ամենաջազային իրադարձությունը ՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը:

«Yerevan Jazz Fest 2016»-ի մեկնարկին նվիրված մամլո ասուլիսի գլխավոր հյուրն այսօր «Yerevan Jazz Fest 2016»-ի հեդլայներ ջազի դեսպան, աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերն էր (Dee Dee Bridgewater), ով լրագրողներին ներկայացավ բարձր տրամադրությամբ և լայն ժպիտով:

«Միշտ ցանկացել եմ գալ Հայաստան և հիմա շատ ուրախ եմ, որ ի վերջո Հայաստանում եմ: Ինձ համար մեծ պատիվ է՝ լինել այստեղ և մասնակցել փառատոնին։ Երբ 1968 թվականին առաջին անգամ եկա ԽՍՀՄ, լսեցի հայերի մասին։ Այդ ժամանակվանից ցանկություն առաջացավ լինելու Հայաստանում։ Այնուհետև գնացի Ֆրանսիա և աշխատեցի Շառլ Ազնավուրի հետ, նաև կատարել եմ նրա երգերից մեկը։ Երբ Ռեյ Չարլզի հետ զուգերգ պիտի կատարեի, պետք է երաժիշտների թիմ հավաքեի։ Այդ ժամանակ հանդիպեցի Պատրիկ Մանուկյանին, ով հիանալի երաժիշտ է: Նրա հետ մենք հաճախ երկար զրույցներ էինք ունենում: Նա պատմում էր Հայոց ցեղասպանության մասին։ Ինչ-որ պահի այդ ցավը դարձել էր նաև իմը։ Երբ առաջարկ եղավ գալու Հայաստան, ես շատ ոգևորվեցի և ասացի՝ անշուշտ համաձայն եմ»,- պատմեց աշխարհահռչակ երգչուհին:

Լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին խոստովանեց, որ ծանոթ չէ հայկական ջազի պատմությանն ու ջազմեններին. «Հայկական ջազի մասին քիչ բան գիտեմ, ծանոթ եմ միայն Տիգրան Համասյանի արվեստին: Ես եկել եմ այստեղ ծանոթանալու, սովորելու և ինձ համար նոր բացահայտումներ անելու: Իրականում դուք՝ հայերդ, ամենուր եք, ամեն տեղ ձեզ լավ եք զգում, անում եք այն, ինչ պետք է անեք, սակայն չեք ձուլվում, և սա, անշուշտ, և զարմանալի, և գովելի փաստ է»,- նշեց Դի Դի Բրիջուոթերը։

Կարդացեք նաև

dd bridgewater

Անդրադառնալով ջազի՝ որպես երաժշտական ժանրի ընտրության թեմային, երգչուհին պատմում է. «Ջազն իմ մեջ է։ Հայրիկս երդվում էր, որ ես յոթ ամսականում Էլլա Ֆիցջերալդի երգի ներքո ինքս ինձ օրորում էի։ Երգել եմ դեռ փոքրուց, և դեռևս այդ ժամանակներից մեր տանը միշտ ջազ էր հնչում: Երբ ես բացահայտեցի, որ իմ ընկերուհիներից շատերը չեն լսել, օրինակ, Մայլզ Դևիսի մասին, խիստ զարմացա»։

Նինա Սիմոնի կատարմամբ «Չորս կանայք» երգը, պարզվում է, աշխարհահռչակ Բրիջոութերի սրտի երաժշտությունն է: Սեփական վկայությամբ՝ լսելով այդ կատարումը, ինքը հասկացել է, որ հպարտ է իր աֆրիկյան անցյալով։

Անդրադառնալով իր յուրատիպ արտաքին իմիջին՝ երգչուհին պարզաբանում է. «Այսօր արդեն հասել եմ այն փուլին, որ արտաքինով ու հագուստով ինքնահաստատվելու խնդիր չունեմ: Իմ իմիջը, վստահ եմ, հաստատում է այս խոսքերը։ Մազերս սափրեցի ինձ համար կյանքի դժվարագույն փուլերից մեկի ընթացքում՝ երբ երկրորդ անգամ ամուսնալուծվում էի։ Հիմա ինձ հետ զրուցելիս մարդիկ ոչ թե մազերիս կամ հագուստիս են նայում, այլ աչքերիս մեջ: Սա, իհարկե, անհերքելի առավելություն է: Գեղեցկությունը, համոզված եմ, գեղեցիկ մազերը չեն, դա ներսից եկող մի բան է։ Սա իմ ընտրությունն է: Գուցե ես տարբերվում եմ շատերից, բայց նման եմ, օրինակ, այն կանանց, ովքեր տարբեր, այդ թվում և՝ առողջական պրոբլեմների հետևանքով, կորցրել են իրենց մազերը: Այսպիսով ես նաև նրանց կողքին եմ, և դա ինձ դուր է գալիս»:

dd bridgewater

Խոսելով իր և Ռեյ Չարլզի համագործակցության մասին՝ Դի Դի Բրիջուոթերը հիշում է. «Այն երկու տարիները, որ ես անցկացրի հեռուստաշոուի և նրա հետ, իմ լավագույն տարիներն էին։ Մենք, թեև շատ հազվադեպ, բայց նաև համատեղ համերգներ ենք ունեցել: Նա թույլ էր տալիս, որ ես ընթրեի իր հետ, ներկա լինեի նրա կողքին, երբ ինքը շախմատ էր խաղում, ինքնաթիռում մենք հաճախ միասին էինք նստում: Երբեմն նա ինձ թույլ էր տալիս լինելու իր կողքին, անգամ այն պահերին, երբ ինքը սիրահետում էր կանանց։ Նա ինձ սովորեցրեց լինել խոնարհ՝ «Սա շոու-բիզնես է,- ասում էր Ռեյը,- և աստղը ես եմ։ Դու ընդամենն իմ կողքին ես»։ Մի անգամ խիստ զայրացավ ինձ վրա, երբ փարիզյան պարբերականներից մեկը մի մեծ հոդված տպագրեց իմ մասին… Հիշում եմ, այդ երեկո նա ինձ ասաց, որ ես չեմ երգի իր հետ, այլ կլինեմ ունկնդիր միայն, սակայն եղել են նաև դեպքեր, երբ իմ ինքնաթիռն ուշացել է, և նա ժամերով կանգնեցրել է համերգը, մինչև որ ես կհասնեմ»։

Տեղեկացնենք, որ այս տարի «Yerevan Jazz Fest 2016»-ը կանցկացվի հոկտեմբերի 13-16-ը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչները հայտարարեցին՝ իր ծավալով և հնչեղությամբ փառատոնն այս տարի գերազանցում է նախորդ տարվանը: «Այս տարվա փառատոնը նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս