«Մեր հայրենակիցների կյանքին ռեալ վտանգ է սպառնում». Ռուբեն Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշեց, որ առաջին հերթին՝ ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են տնտեսական ոլորտին.
«Երկու երկրները փորձում են վերականգնել այն տնտեսական հարաբերությունները, որոնք եղել են մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը։
Եթե ավելի կոնկրետ խոսենք, իհարկե, կարևոր է «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված համաձայնագրի ստորագրումը։ Եթե դա իրականացվի, ոչ միայն կարևոր է՝ որպես տնտեսական երևույթ, այլ նաև կամրապնդի Թուրքիայի դիրքերը՝ որպես դեպի Եվրոպա գազի մատակարարման կենտրոն»։
Մյուս կարևոր համաձայնությունը թուրքագետը համարում է ատոմակայանի աշխատանքները շարունակելու վերաբերյալ փաստաթուղթը, որով Թուրքիան դառնում է միջուկային տերություն. «Կառուցումը պետք է ավարտվի 2023 թվականին»։
Ըստ թուրքագետի՝ կարևոր էր նաև Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցումը:
«Իհարկե, Ռուսաստանը հենց այնպես չի իջեցրել գազի գինը, դա կապել է «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հետ։ Կարևոր է նաև այն, որ Ռուսաստանը բացեց իր շուկան թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների համար, մասնավորապես՝ ցիտրուսայինների։ Ըստ էության, Թուրքիան հնարավորություն է ստանում 0.5 միլիարդ դոլարի առևտուր սկսել Ռուսաստանի հետ»,- ասաց նա։
Թուրքագետի խոսքով՝ քաղաքական առումով ևս կարևոր համաձայնություն է ձեռք բերվել։
«Սիրիայի հարցում նույնպես գնացել են ինտենսիվ բանակցություններ և քննարկվել է լայն խնդիրների շրջանակ՝ կապված Սիրիայի հետ։ Կողմերը համաձայնել են, որ պետք է շարունակվեն ջանքերը Հալեպի բնակչությանն օգնություն ցույց տալու ուղղությամբ։
Սա կարևոր է նրանով, որ Թուրքիան չի միանում Ռուսաստանի քաղաքականությունը քննադատող Արևմուտքին։ Մյուս կողմից՝ նաև քննարկվել է թուրքական զինուժի գործողությունը Սիրիայում։
Մանրամասներ չհայտնվեցին, բայց քննարկումը վկայում է այն մասին, որ ՌԴ-ն չի բողոքում Թուրքիայի ակցիայի դեմ։ Կարևոր էր նաև այն, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են բանակցությունները տեղափոխել նաև ռազմական ոլորտ։ Պետք է բանակցություններ ընթանան երկու երկրների ՊՆ ղեկավարների և հետախուզության ղեկավարների միջև»,- նշեց նա՝ կարևորելով այն, որ Ասադի վերաբերյալ հակադիր դիրքորոշումներ ունեցող ղեկավարներն այդ մասին ընդհանրապես չեն խոսել։
Հայաստանի համար այս իրադրության մեջ ամենակարևորը նա համարում է Հալեպում գտնվող մեր հայրենակիցների կյանքը.
«Մեր հայրենակիցների կյանքին ռեալ վտանգ է սպառնում։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ մոտակա 2 ամիսների ընթացքում իրադրությունը Հալեպում շատ ավելի վատանալու է։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հումանիտար օգնության խնդիրը. այսքանն է մեզ հայտնի։ Բայց հիմա հումանիտար օգնություն ցույց տալը երկրորդական նշանակություն ունի, ամենակարևորը կյանքերը փրկելն է»։