«Ավետարանը կարդացե՞լ եք, Քրիստոսին ինչպե՞ս խաչեցին, սյունին հանեցին, հագուստները հանեցին». Գառնիկ Իսագուլյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

«Քաղաքական դաշտում կա դիսբալանս, որը պետք է լուծում ստանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին՝  Գառնիկ Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ դժվար թե որևէ մեկն այդ հարցի պատասխանը հստակ իմանա։

«Միաժամանակ գտնում եմ, որ որպեսզի կարողանանք այդ մեծ խզումը հանգուցալուծել, իսկապես պետք են մարդիկ, ովքեր մինչև այդ էլ ունեցել են կամուրջի դերակատարություն, և հիմա դա պետք է, որպեսզի կարողանանք բալանսի մեջ պահենք իշխանություն-ընդդիմություն հակադրությունը: Գագիկ Ծառուկյանը նման դերակատարություն ունեցել է, և, եթե  Ծառուկյանը որոշի գալ մեծ քաղաքականություն, նորից կունենանք մի իրավիճակ, որտեղ բալանսավորվելու է ծայրահեղ ընդդիմադիր և իշխանական թևերի միջև որոշակի կամուրջը»,- նշեց Գ. Իսագուլյանը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե այդպես վարկաբեկիչ ձևով հեռանալով քաղաքականությունից՝ ինչպե՞ս եք Գ. Ծառուկյանին պատկերացնում բալանսավորողի դերում, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ավետարանը կարդացե՞լ եք, Քրիստոսին ինչպե՞ս խաչեցին, սյունին հանեցին, հագուստները հանեցին: Չեմ ուզում դուք հանկարծ համեմատություն անեք, բայց երբ մարդը կարողանում է կուլ տալ ինչ-որ բաներ ու հետագայում ներել, դա որակենք՝ որպես բացասակա՞ն երևույթ: Եթե հանկարծ ինքը որոշի վերադառնալ, կտեսնեք, թե իր գործունեությունը ինչի կհանգեցնի»:

168.am-ի այն հարցին, թե հայտնի իրադարաձություններից հետո, երբ Գ. Ծառուկյանը հեռացավ, և մարդկանց մոտ նորից հիասթափություն առաջացավ՝ ինչպե՞ս կարող է հասարակությունը նորից ընդունել և վստահել նրան, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ ինքը մարդկանց հետ շատ է շփվում, ու «նրանց, ովքեր անընդհատ բարձրաձայնում են, որ իրենք միակն են», մարդիկ անգամ չեն էլ ճանաչում, բայց միշտ հետաքրքրվում են, թե Գ. Ծառուկյանը վերադառնալո՞ւ է, թե՞ ոչ.  «Շատերն ընկալեցին, որ այդ մարդն ուղղակի չուզեցավ գնալ որոշակի սրացումների, հասարակությունը շատ հաճախ ընկալում է ոչ այնպես, ինչպես մենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս