Նիդեռլանդների վարչապետը կոչ է արել ՌԴ-ին հիմարություններ չտարածել MH17-ի աղետի մասին
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն կոչ է արել Ռուսաստանին դադարել «ամեն տեսակի հիմարությունների տարածումը» MH17-ի աղետի հետաքննության մասին, հայտնում է dutchnews.nl-ը։
Ռյուտտեն հայտարարել է, որ ինքը հույս ունի, որ Ռուսաստանը լիարժեքորեն կհամագործակցի հետաքննության հետ, ինչպես դա համաձայնեցվել էր՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթների։
«Նրանք պետք է դադարեն ամեն տեսակի հիմարությունների տարածումը հետաքննության որակի մասին»,- ասել է Մարկ Ռյուտտեն։
Սեպտեմբերի 28-ին Միջազգային քննչական խումբը, որը վարում էր Ուկրաինայի արևելքում խոցված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությունը, հայտնել էր, որ այն խոցվել է Սնեժնոյե բնակավայրից՝ Ռուսաստանից բերված «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի «երկինք-օդ» հրթիռի կողմից։
Քննիչները նաև մանրամասն նկարագրել էին, թե ինչպես է տեղաշարժվել «Բուկը» տեղափոխող շարասյունը ու դրա երթուղին։ Ներկայացվել էր նաև, թե ինչպես է «Բուկն» այնուհետ տեղափոխվել Ռուսաստան։
Մալազիական Boeing-ը, որն Ամստերդամից մեկնում էր Կուալա Լումպուր, Դոնեցկի մարզում կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին: Օդանավում գտնվող 298 անձինք զոհվել էին:
Միջազգային խմբում ներառված են Նիդեռլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ, որոնք գործում են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի աջակցությամբ։
Մոսկվան հերքում է իր առնչությունը МН17 չվերթի ինքնաթիռի կործանմանը՝ դրա կործանման մեջ մեղադրելով ուկրաինացի զինվորականներին։