Որքան աշխատավարձ է ստացել Կարեն Կարապետյանը՝ մինչև վարչապետ նշանակվելը
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը արդեն հրապարակել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և նորանշանակ նախարարների գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։
Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 13-ի դրությամբ հայտարարագրել է 3.7 մլն ԱՄՆ դոլար 850 հազար եվրո 120 մլն ՀՀ դրամ և 55 մլն ռուբլի դրամական միջոցներ։
Ընդհանուր առմամբ, Կարեն Կարապետյանի դրամական միջոցները՝ դոլարային արտահայտությամբ, կազմել են 5 մլն 783 հազար դոլար։
Բացի դրամական միջոցներից՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է նաև 50 մլն դրամ արժեքով բաժնեմաս (չի նշվում, թե որ ընկերությունում), 2 մարդատար ավտոմեքենա՝ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I, 4 բնակարան և 1 ամառանոց։
Իսկ ի՞նչ եկամուտներ է ունեցել վարչապետը և ինչ աղբյուրներից։
Կարեն Կարապետյանը 6 առանձին տողերով նշել է եկամուտներ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ (սրանց մեջ մտնում են նաև պարգևավճարները)։ Նա, ըստ այդմ, ստացել է ընդհանուր առմամբ 70 մլն 850 հազար ռուբլի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ։ Որպես այլ եկամուտ նա հայտարարագրել է նաև 32.9 մլն դրամ։
Որպես աշխատավարձ հայտարարագրված եկամուտները ռուսական ռուբլով են։ Հիշեցնենք, որ մինչև վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը զբաղեցրել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը և դրան զուգահեռ՝ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։
Այսինքն, կարելի է եզրակացնել, որ վարչապետը աշխատավարձ և պարգևավճարներ ստացել է այս երկու ընկերություններից։
Հայտարարագրում ներկայացվում են պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները։ Կարեն Կարապետյանի՝ դեպքում՝ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 13-ը։
Այսինքն, վարչապետը 70.8 մլն ռուբլի աշխատավարձը ստացել է 8.5 ամիսների ընթացքում։
Ստացվում է, նրա միջին ամսական վարձատրությունը կազմել է 8.33 մլն ռուբլի (132.5 հազար դոլար կամ 62.8 մլն դրամ)։ Կրկին շեշտենք, որ վարչապետն այս վարձատրությունը ստացել է 2 ընկերություններից՝ «Գազպրոմբանկից» և «Գազպրոմ Մեժրեգիոնգազից»։ Սակայն թե որքան է ստացել դրանցից յուրաքանչյուրից, հայտարարագրում չի երևում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ամսական վարձատրությունը շուրջ 900 հազար դրամ է։