
ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ 2016 թվականի սեպտեմբերի 22-25-ը Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:
Իրականացվել են չհայտարարված այցեր նշված մարզերում տեղակայված ձերբակալման և նախնական կալանքի վայրեր, քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաև զորամիավորումներ՝ պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև հարկադրական պահման վայրերում գտնվող անձանց իրավունքների իրացման հնարավորություններն ուսումնասիրելու, առկա խնդիրները վեր հանելու և լուծումներ առաջարկելու նպատակով:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել հարկադրական պահման վայրերում գտնվող անձանց, ինչպես նաև զորամիավորումներում զինծառայություն իրականացնող անձանց հետ: Կատարվել են համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություններ:
Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ մարդու իրավուքների պաշտպանին բողոք հասցեագրած անձանց հետ: Վեր հանված առանձին խնդիրներ բարձրացվել և լուծում են ստացել տեղում:
Առավել մանրամասն քննարկում կամ ուսումնասիրություն պահանջող հարցերը գտնվում են ամփոփման փուլում: Դրանցով սահմանված կարգով պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ