Աշխարհաքաղաքական խաղը՝ Կարեն Կարապետյանի թիկունքում
Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, կառավարությունում փոփոխությունները որքանո՞վ են նպատակահարմար այս ժամանակաշրջանում, երբ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մի քանի ամիս է մնացել, որից հետո նոր կառավարություն պետք է ձևավորվի։ Ի՞նչ արդյունք կարող է սա տալ։
– Ես, անկեղծ ասած, ձեր հարցի պատասխանը չունեմ, դրա պատասխանը պետք է Սերժ Սարգսյանը տա։ Ես սպասելիքներ չունեի նախորդ կառավարությունից, առավել ևս՝ չունեմ այս կառավարությունից, որովհետև այստեղ հստակ ռուսական հետք եմ տեսնում։ Ընդհանրապես, գործող Սահմանադրությամբ, կառավարության ղեկավարը երկրի նախագահն է, և վերջնական որոշողն ու ստորագրություն դնողն ինքն է, առավել ևս՝ վարչապետն այլևս լիազորություններ չունի ուժային նախարարների նշանակման խնդրում, նույնիսկ առաջարկման առումով, և այս տեսակետից որևէ վարչապետի փոփոխություն որևէ նոր բան չի բերելու։
Այն, որ նոր վարչապետն ասում է, թե ինքը համակարգային փոփոխություն է անելու, սա ուղղակի ծիծաղելի է։ Ի՞նչ է նշանակում՝ համակարգային փոփոխություն։ Նման բան ասողը նախ՝ պետք է համակարգին անուն տա, ինչպիսի՞ն է համարում ինքն այս համակարգը։
Օրինակ, ես այս համակարգը համարում եմ հետամնաց ու եվրասիական և գտնում եմ, որ համակարգային փոփոխություն կլինի այն դեպքում, երբ մենք հրաժարվենք Եվրասիական միությունից, ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, սկսենք ընդունել եվրոպական արժեքներին բնորոշ օրենքներն ու նորմերը, ու դրանով անցում կատարենք դեպի եվրոպական համակարգ։
Պարզ օրինակը մեր հարևան Վրաստանն է, որ քայլ առ քայլ առաջընթաց է ապահովում։ Կան քաղաքական կուսակցություններ և ուժեր, որոնք, «համակարգային փոփոխություններ» ասելով, հասկանում են, որ կարող ենք մնալ ԵՏՄ-ում, բայց այս համակարգը համարում են քրեաօլիգարխիկ և գտնում են, որ բավարար է քրեաօլիգարխիայի դեմ պայքարել, փոխել այդ մարդկանց, հավասար պայմաններ ստեղծել, և նույն ԵՏՄ համակարգում կարող ես գործունեությունդ շարունակել և երկրիդ վիճակը բարելավել։
Սրանցից ո՞ր մեկի կողմնակիցն է Կարեն Կարապետյանը կամ որո՞վ է շարժվելու։ Առաջինը չի կարող, որովհետև ինքը հստակ ռուսական ազդեցության մարդ է, եթե չասեմ, որ նրանց կողմից ուղարկված։ Երկրորդը չի կարող անել, որովհետև դրա ներուժը չունի, որոշողը նախագահն է, իսկ նա երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, առավել ևս՝ առաջիկա ընտրությունների շեմին։ Հետևաբար՝ այս փոփոխություններն առոչինչ են, ոչինչ չբերող, ոչինչ չտվող, իմիտացիա։
Շատ ավելի վտանգավոր երևույթներ կարող են լինել այս փոփոխությունների ետևում, եթե իսկապես նրա թիկունքում կանգնած լինի աշխարհաքաղաքական խաղը, իսկ այդ խաղը, ցավոք սրտի, կա, ես տեսնում եմ։ Այսօր մրցակցությունը ոչ միայն Սիրիայում և Թուրքիայում է։ Բևեռների մրցակցությունը նաև մեր տարածաշրջանում է։
Եվ ռուսական կողմը, տեսնելով, որ այստեղ իր արժեքները կրողների, իր համակիրների քանակը կտրուկ նվազում է, ավելին՝ Հայաստանում ի հայտ է գալիս ռուսաֆոբիա, դրանից ելնելով՝ որոշակի քայլեր է անում առաջիկա ընտրություններին ընդառաջ, և, ես չեմ բացառի, որ որոշ ժամանակ հետո Կարեն Կարապետյանը դառնա ընդդիմադիր, իր շուրջը համախմբի ռուսական ազդեցության մնացած ընդդիմադիր ուժերին, կիրառվի Իվանիշվիլու մոդելը Հայաստանում։
Արդյունքում՝ կունենանք ռուսական ազդեցության իշխանություն և ռուսական ազդեցության ընդդիմություն, որին ժողովուրդը կասի՝ ա՛յ, փող ունի, փորձ ունի, եկեք իր շուրջ համախմբվենք, այնպես, ինչպես Գագիկ Ծառուկյանի հետ էր այդ խնդիրը տարվում, և վերածվի այս երկու բևեռների բանավեճի, ոչ թե քաղաքակրթական ընտրության բանավեճի։
Սա կլինի ամենավատ տարբերակը։ Բայց ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր գտնում են, որ Հայաստանն ավելի շատ եվրոպական արժեքներ կրող է, և ժողովուրդն իր բարեկեցությունն այդ համակարգում է տեսնում, այդ մարդիկ այս ընտրություններում լուրջ անելիքներ ունեն։ Եվ նաև կարծում եմ, որ Արևմուտքն այդ քվեից մի ձայն անգամ չի կորցնելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: