Արծվիկ Մինասյանն ամփոփեց 7 ամիսների աշխատանքները
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն ասուլիսում ամփոփեց իր պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում 30 ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները: Նա նկատեց, որ շատ ուղղություններով նախարարությունն անհրաժեշտ լիազորություններով օժտված չէ:
Ներդրումային քաղաքականության ուղղությամբ, ըստ Ա.Մինասյանի, հիմնարար աշխատանք է տարվել մի քանի ուղղությամբ` օտարեկրյա ներդրումների մասին նոր օերնքի մշակում, ներդրողների իրավունքների պաշտպանության նոր համակարգի ստեղծում, այդ թվում` վերպետական դատական համակարգերի միջոցով:
Ա.Մինասյանի խոսքով` ներդրումների խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, որպեսզի ստեղծվեն պատասխանատու կենտրոններ, որոնք ամենօրյա ռեժիմով կաշխատեն ներդրողների հետ:
Բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարի կարծիքով, սպասվում է, որ շուրջ 10 կետով առաջընթաց վարկանիշային աղյուսակներում:
Ա.Մինասյանը նշեց, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծման մասով աշխատանքները շարունակվում են, պետություն-մասնավոր համագործակցության ուղղությամբ ռազմավարության է մշակվում, արդյունաբերական քաղաքականության հետ կապված ֆինանսկան աջակցությունից սկսած մինչև քարոզչության իրականացնում մեծածավալ աշխատանքներ են տարվել, բանակցություններ են վարվել չինական մի շարք կազմակերպությունների հետ` Հայաստանում պղնձաձուլական գործարանի ստեղծման ուղղությամբ. «Աշխատանքները բարեհաջող ընթացքի մեջ են և առաջիկայում շատ լուրջ ներդրումներ կունենանք այս ուղղությամբ»:
Ա.Մինասյանի կարծիքով` կարևոր նշանակություն ունի ներմուծման փոխարինման հնարավորությունը, օրինակ` խոշոր եղջերավոր անասունների մորթին արտահանելու փոխարեն այն օգտագործվի կաշվե իրերի պատրաստման համար:
Ա.Մինասյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում 1 մլրդ դրամի արտահանման ապահովագրություն է իրականցվել, ԵՏՄ շրջանակներում կոոպերացիայի կազմակերպման առումով բանակցություններ են վարվել ռուսական ընկերությունների հետ և առաջընթաց կա:
«Հսկայական պոտենցիալ կա զբոսաշրջության ուղղությամբ»,- ասաց Ա.Մինասյանը` հավելելով, որ պետական աջակցությունը պետք է կապված լինի զբոսաշրջիկների թվի հետ: