«Եթե Ադրեջանը պատրաստ լինի պատերազմի, «Իսկանդերի» առկայությունն ամենևին էլ հաշվի չի առնվի». Է. Աբրահամյան

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինության որոշ տեսակներ իրական խանդավառություն առաջացրին հայկական քաղաքական, հասարակական որոշ շրջանակներում, խուճապ՝ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներում։ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների, համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգերի, հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Բուկ» զենիթահրթիռային համալիրների և ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն «Ինֆաունա» կայանների ցուցադրությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում խորհրդակցություն  հրավիրեց Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։ Ըստ տեղեկությունների՝ խորհրդակցության ընթացքում բանակային հրամանատարությանը հանձնարարվել է ուժեղացնել հետախուզական գործունեության բոլոր տեսակները` «թշնամու կողմից վերահսկվող տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության հստակեցման և ոչնչացման հերթականությունը որոշելու ուղղությամբ»:

Տեղեկացնենք, որ վերջին տարիներին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր «Իսկանդեր» ՕՄՀՀ-ն, որը Ռուսաստանը պետք է տրամադրեր Հայաստանին։ Վաղուց խոսակցություններ կային այն մասին, որ Հայաստանն արդեն ունի նման համալիրներ, կամ դրանք տեղակայված են Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում, կամ ՀՀ ԶՈՒ-ն ունի, բայց օգտագործել չի կարող։ Սակայն երեկ կայացած զորահանդեսն ապացուցեց, որ ՀՀ ԶՈՒ-ն արդեն ստացել է  նման համալիրներ։ Կարևոր է իմանալ նաև այն, որ «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի (ռուս՝ Искандер ОТРК) երեք տեսակ գոյություն ունի՝ «Իսկանդեր-Է», «Իսկանդեր-Մ» և «Իսկանդեր-Կ»։ «Իսկանդեր Կ»-ն դեռ չկա գործածության մեջ։  «Իսկանդեր Է»-ն, որը տրամադրվել է հայկական կողմին,  կարող է խոցել թիրախներ մինչև 280 կմ հեռավորության վրա, իսկ  «Իսկանդեր-Մ» ՕՄՀՀ-ի հրթիռն ունակ է խոցել թիրախները մինչև 400 կմ հեռավորության վրա, մինչդեռ «Իսկանդեր-Կ»-ի թևավոր հրթիռի թռիչքի հեռավորությունը 500 կմ է։

168.am-ի հետ զրույցում պ․գ․թ․, Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ՆԱՏՕ-ի ռազմավարության հարցերով փորձագետ էդուարդ Աբրահամյանն անդրադարձավ «Իսկանդեր» համալիրների գործառույթների՝ իր խոսքով՝ ուռճացված գնահատականներին, ասելով, թե որ դեպքում դրանց կիրառումը կարող է արդյունավետ լինել։ Նա նախ՝ պարզաբանեց, որ այս հրթիռային համալիրները նախատեսված են աննկատ կերպով հակառակորդի խորը թիկունքում ռազմավարական ռազմական կոմունիկացիաներին անսպասելի հարված հասցնելու համար։

Սակայն, ըստ Աբրահամյանի, լայնածավալ մարտական գործողությունների շեմին, երբ հակառակորդն արդեն իսկ իր սցենարով է փորձում զարգացնել ռազմական գործողությունները՝ իսկանդերների կիրառումը, որպես ամենավերջին «գործիք», կարող է ցածր արդյունավետություն ունենալ՝ ըստ էության չփոխելով սաստկացող ռազմական գործողությունների հիմնական ընթացքը։

«Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանում մի համոզմունք ձևավորվեց, որ Ադրբեջանը կարող է հրահրել պատերազմական գործողություններ՝ երբ, որտեղ և ինչ ինտենսիվության որ ցանկանա։ Ավելին, համոզմունք ստեղծվեց, որ կարող է կանգնեցնել ռազմական գործողություններն այն ժամանակ, երբ ցանկանա։ Ուստի Հայաստանի կանխարգելիչ հարվածի պարագայում, երբ գործի դրվի այս համակարգը, ինչն այս պարագայում գրեթե ապահովում է ճշգրիտ թիրախի ոչնչացում, ամբողջությամբ ոչ միայն կվերացնի Ադրբեջանի այս համոզմունքը, այլև Հայաստանին կդարձնի թե՛ պատերազմը վերսկսելու, և թե՛ ինտենսիվության չափը թելադրող գործոն։

Այս զինատեսակն արդյունավետ կիրառելու նախապայմանը ճշգրիտ տեղեկատվության առկայությունն է, օրինակ՝ արբանյակների կամ համապատասխան անօդաչու թրչող սարքերի տրամադրած առավել ճշգրիտ տվյալները, ինչը բավականին դժվար կլինի օպերատիվ կերպով ձեռք բերել պատերազմական գործողությունների ընթացքում:

Միևնույն ժամանակ, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, հարվածային անօդաչուները լուրջ սպառնալիք են ՀՀ անվտանգության, Զինված ուժերի օպերատիվ վերադասավորման, իրենց ֆունկցիան ռազմական գործողություններում արդյունավետորեն իրականացնելու համար։ Ադրբեջանական կողմը գործարան է բացել ու արտադրելու է նման ԱԹՍ-ներ։ Այս բացված գործարանը կարող է դիտարկվել՝ պոտենցիալ սպառնալիք Հայաստանի համար։ Ելնելով ՀՀ ԶՈւ որդեգրած նոր՝ «Սանձահարման/Զսպման» հայեցակարգից, որը փետրվարին հաստատեց ՀՀ նախագահը, և որը մեր պաշտպանական դոկտրինի կարևորագույն մասն է, ՀՀ ԶՈւ-ն կարող է հենց այս իսկանդերներով անսպասելիորեն Ադրբեջանի համար կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ուղղակի ոչնչացնել այս գործարանը՝ մինչև նրա արտադրություն սկսելը։

Այսպես արել է, օրինակ՝ Իսրայելն Իրաքյան միջուկային լաբորատորիաների հարցում։ Այս դեպքում իսկանդերների կիրառումը ես հիմնավորված ու արդարացված եմ համարում»,- նման կարծիք հայտնեց Աբրահամյանը՝ շարունակելով, որ զինատեսակը չպետք է դիտարկել լոկ՝ որպես զսպող գործիք, քանի որ այդ արդյունքը երկարաժամկետ հեռանկարում իրեն չի արդարացնի։ Պատճառը, ըստ նրա, այն է, որ հայկական կողմը մեծ քանակության նման համալիրներ չունի, ու այն, ի վերջո, օպերատիվ-տակտիկական զինատեսակ է, այլ ոչ՝ ստրատեգիական՝ մասսայական ոչնչացման զինատեսակ։

Անդրադառնալով գնահատականներին, թե այս զինատեսակները զսպող գործոն են ադրբեջանական կողմի համար՝ Աբրահամյանն ասաց, որ այդ խոսակցությունները ռազմավարական մտածելակերպի տեսանկյունից ոչ այնքան ճիշտ է համարում։ Ըստ նրա, սա չի կարող դիտարկվել, որպես Ադրբեջանի նման հակառակորդին զսպելու գործիք, քանի որ ՀՀ-ն չունի մեծ քանակությամբ նման զենք։

Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ում քննարկվել է սպառնալիք ներկայացնող օբյեկտների թիրախավորման հարցը։

«Պետք է հաշվի առնել, որ նրանք չեն թաքցնում իրենց նպատակը՝ արդեն իսկ ոչնչացնել այս համակարգը, ինչը պարզ դարձավ երեկվա Հասանովի խորհրդակցության ժամանակ, այսինքն՝ իրենք հստակ խնդիր ունեն՝ վերացնել այս համակարգը հարմար հնարավորության դեպքում։ Այսինքն՝ իրենք չեն վախենում այս համակարգից, ու հետևաբար՝ զսպում՝ որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Եթե Ադրբեջանը պատրաստ լինի լայնածավալ պատերազմի, այս հրթիռների առկայությունն ամենևին էլ հաշվի չի առնվի, քանի որ ադրբեջանական կողմը պարզապես կաշխատի ժամ առաջ ոչնչացնել այս համալիրները»,- ասաց Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս