«Անկախությունը շատ լավ բան է, ափսոս՝ դեռ չունենք». Սերգեյ Դանիելյան

168.am-ն Անկախության տոնի առիթով զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ

Պարոն Դանիելյան, Ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի անկախությունը։

– Անկախությունը շատ լավ բան է, ափսոս՝ դեռ չունենք։

Իսկ ինչո՞ւ չունենք։

Կարդացեք նաև

– Այս հարյուր տարվա ընթացքում մի քանի անգամ մեզ հնարավորություն ընձեռվեց, և ոչ թե՝ պայքարի շնորհիվ, այլ՝  ուղղակի աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շնորհիվ անկախանալ, բայց մեր մենթալիտետը դեռ չի թողնում, որ ստեղծենք ինքնիշխան պետություն։ Այստեղ կապ չունեն ո՛չ  թշնամիները, ո՛չ դաշնակիցները, խնդիրը մեր մեջ է։

Ժողովուրդ և իշխանություննե՞ր։

– Չեմ տարանջատում, ժողովրդի մի հատվածն էլ իշխանությունն է։ Դեռ չենք կարող ասել, որ ինքնիշխան պետություն ենք՝ տարբեր մենթալային պատճառներով։

Ձեզ համար անկախ երկիրը ո՞րն է։ Ի՞նչ չափանիշներով եք որոշում անկախությունը։

– Անկախ երկիրը նախ՝ այն է, որ ինքն է տնօրինում իր ռեսուրսները, ունի հստակ դաշնակիցներ, որոնք, պարզ է, ինչ են անում, ունի առևտրային գործընկերներ, ինքն է որոշում, թե ով կարող է լինել առևտրային գործընկեր, ով՝ ոչ։ Այսինքն՝ սուվերեն ասվածը։

Հայաստանը քանի՞ տարի հետո կհասնի այդ մակարդակին։

– Եվս մեկ սերունդ էլ որ փոխվի, ու մեր սերունդն ընդհանրապես դուրս գա մեջտեղից, ինչը կլինի, երևի թե, մի 15-20 տարում, էլ խանգարող հանգամանքներ չեն լինի, որպեսզի երիտասարդները վերջապես այս երկիրը կայացնեն, կամաց-կամաց ազատվեն այն շլակներից, որոնք ստեղծել ենք։

Սեպտեմբերի 21-ը  Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի։

– Դե՛, տոն է, ասենք՝ Նոր տարին ի՞նչ նշանակություն ունի… Տոն է, որը պետք է նաև նշել։

Իսկ այսօրվա ռազմական շքերթին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Միանշանակ վերաբերմունք չկա. ռազմական շքերթը վատ բան չէ, երբ երկիրդ սոցիալապես ապահովված է, երբ դու ունես ավելորդ փող ու կարող ես դա քեզ  թույլ տալ։ Ես ավելորդ գումար ծախսելուն դեմ եմ, դա նույնն է, որ մարդիկ վարկ են վերցնում Նոր տարին նշելու համար, կամ պարտք են անում, որ հարսանիք անեն։ Կարելի է հարսանիք անել ու Նոր տարին նշել, բայց պարտքերի մեջ մտնելն անմտություն է, երբ, ասենք՝ գլխիդ տանիքը կաթում է։ Հիմա նույնն է սա է։ Ո՞ւմ՝ ի՞նչ ենք ցույց տալիս. Թուրքիայի՞ն, Ադրբեջանի՞ն։ Միևնույն է՝ իրենցից շատ չենք կարող ունենալ, որովհետև մեզանից հարուստ են։ Իր մարդկային և բնական ռեսուրսներով Հայաստանը երբեք իր հարևաններից շատ չի եղել, ու կարելի էր այս չորս հազար տարվա ընթացքում հասկանալ, որ մեր ուժը դրա մեջ չէ։ Մենք 10 հատ «Իսկանդեր» ցույց տվեցինք, վաղը Ալիևը «ջեբից» մի քանի միլիարդ կհանի ու կգնի 20 հատ «Իսկանդեր»։ Ու ի՞նչ, դրանից ի՞նչ։ Իր գնածն իր ժողովրդի վրա չի ազդի, իսկ մենք վարկերով ու պարտքերով ենք գնում։ Ճիշտ է՝ ուրիշ ելք էլ չունենք, բայց առանձնապես դրանով հպարտանալն էլ ոչինչ չի տալիս, մանկամտություն է։

Անկախության տոնի առթիվ ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին։

– Ժողովրդին համբերություն ու հոգևոր առողջություն եմ մաղթում։ Ինչքան հաճախ ասես՝ հալվա, այնքան բերանդ շուտ կքաղցրանա։

Տեսանյութեր

Լրահոս