Հայկական ընկերությունն առաջարկում է բնական հումքից պատրաստված մաշկի խնամքի միջոցներ, օճառներ, դիմակներ, քսուքներ, լոսյոններ
«Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 19-22-ն գործում է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները և նպաստել նոր շուկաների բացահայտմանը։
Ցուցահանդեսին մասնակցող «Բնատուր» ընկերությունը ներկայացնում է բնական հումքից պատրաստված մաշկի խնամքի միջոցներ, օճառներ, դիմակներ, քսուքներ, լոսյոններ։
Ընկերության տնօրեն Հռիփսիմե Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացնելով իրենց արտադրանքը՝ նշեց, որ ունեն մազերի համար նախատեսված աղային դիմակներ, որի բաղադրության մեջ կա ծովի աղ, գերչակ և այլն:
«Այն անցկացնում է թեփոտվածությունը, կանխարգելում մազաթափությունը։ Ունենք երեկոյան սնուցող քսուքներ, որոնք նախատեսված են չոր մաշկի համար։ Ունենք շպարահան հեղուկներ՝ դեմքը մաքրելու համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ «Բնատուր» ընկերության օճառներն ամբողջովին բնական են՝ առանց բնական հավելումների, և հոտեր, գույներ ընդհանրապես ավելացված չեն.
«Ամեն օճառ ունի իր նշանակությունն ու առանձնահատկությունը։ Ունենք չոր մաշկի, յուղոտ մաշկի և մազերի համար նախատեսված օճառներ։ Յուղոտ մաշկի համար ունենք կավային խառնուրդներից, չիչխանի յուղից պատրաստված օճառ, որը թույլ չի տալիս, որ դեմքը շատ չորանա։ Ունենք չիչխանի և ծիրանի կորիզի յուղերից պատրաստված օճառ։ Ունենք խաղողի կորիզի յուղից պատրաստված օճառ, որի բաղադրության մեջ կան խաղողի մանրացված կորիզներ, որոնք մաքրում են մաշկը»։
«Բնատուր» ընկերության տնօրենը ներկայացրեց նաև չոր դիմակները, որոնց բաղադրության մեջ կան ընդեղեն և դեղաբույսեր:
«Դրանք սկրաբ են անում դեմքը, բացում են ծակոտիները, թույլ են տալիս, որ բույսերը ներթափանցեն մաշկի մեջ։ Ունենք ոտքերի համար նախատեսված լոգանքի գնդիկներ, որոնք ունեն հանգստացնող նշանակություն։ Բաղադրությունը՝ սոդա, ծովային աղ և աղացած բույսեր, որոնք հանգստացնում ու փափկեցնում են ոտքերը։ Ունենք ալերգիկ մաշկի համար նախատեսված օճառ, որը պատրաստված է երիցուկի ու վաղենակի յուղերից»,- ներկայացրեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: