Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ

Արտաքին քաղաքական ուղղվածության մասին Հայաստանում ընդունված է չխոսել։ Կամ ընդունված չէ խոսել։ Այդ մասին ավելի շատ լռում են, բայց դա լռության այն տեսակներից չէ, որն ավելի իմաստավորված է, քան դատարկաբանությունը։ Դա լռության այն տեսակներից է, որը պարտադիր կերպով զուգորդվում է Ռուսաստանին այլընտրանք չունենալու, սեփական անվտանգությունն ապահովել չկարողանալու ու այդ ապահովումը միայն Ռուսաստանով պայմանավորելու մասին բարբաջանքով։

Իսկ եթե անգամ խոսակցություն ծավալվում է, ապա առավելագույնը՝ Եվրասիական տնտեսական միության կործանվող ներկան անիրական լուսավոր ապագայի մասին ցնդաբանությամբ քողարկելու կտրվածքով։ Այլ ընտրության մասին չեն խոսում, որովհետև, եթե այդ մասին խոսեն, կզրկվեն այլ՝ անշառ թեմաներով խոսելու ինդուլգենցիայից, այսինքն՝ քաղաքականությամբ զբաղվելու օտարաբաշխ իրավունքից։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին, Հայաստանի անդամակցության ու Հայաստանում ռուսական զորքերի տեղակայման նպատակահարմարության թեման Հայաստանում տաբու է անգամ հիպի արևմտամետների համար, ովքեր այդ հարցերը լսելիս՝ սթափվում ու լրջանում են ու սկսում են թեականության մասին իրենց հայտնի բոլոր արտահայտությունների թվարկումը՝ թեև, բայցևայնպես, այդուհանդերձ, այնուամենայնիվ… այսինքն՝ հասկացանք՝ արևմտամետ ենք կամ թույլատրելի չափաբաժնով խաղում ենք հակառուսական խաղեր, բայց դա չի նշանակում, որ կարելի է կասկածի տակ դնել ՀԱՊԿ-ն կամ Պերմյակովի «չաստի» տեղակայման հարցը Հայաստանում։

Միևնույն ժամանակ, նույն այդ «այդուհանդերձ» ընդդիմադիրներն իրենց չեն խնայում՝ Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսելիս ու հակաժողովրդավարական իշխանության դեմ պայքարի էքսհիբիցիոնալ դրսևորումներում։ Բայց չնչին բացառություններով հանդերձ, նրանցից որևէ մեկը երբեք Հայաստանի ժողովրդավարացման հարցը չի քննարկում արտաքին քաքաքական այն ընտրության հարթությունում, որն առնչվում է անվտանգության համակարգին։ Մինչդեռ արժեր ու արժե։

Որովհետև քննարկելու դեպքում կեզրահանգվեր այն, որ չի կարող որևէ երկիր լինել ժողովրդավարական՝ միաժամանակ լինելով անվտանգության այնպիսի համակարգում, որի անունն է՝ ՀԱՊԿ։ Ու խնդիրը միայն այն չէ, որ ՀԱՊԿ-ի հիմնադիր ու մասնակից անդամները հակաժողովրդավարական կամ տոտալիտար պետություններ են։ Խնդիրն այն նպատակներն են, որոնք դրված են ՀԱՊԿ-ի ստեղծման հիմքում։

Կարդացեք ՀԱՊԿ-ի պայմանագրերն ու կանոնադրական փաստաթղթերը, կարդացեք նորից ու կրկին, և այնտեղ չեք գտնի որևէ ձևակերպում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, դրանց պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին։ Որովհետև ՀԱՊԿ-ն ոչ միայն հանուն դրանց չէ ստեղծվել, այլ իրականում ու ըստ էության՝ ստեղծվել է դրանց դեմ պայքարելու համար։

Ու դա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ կանոնադրական մեջբերում ՀԱՊԿ-ի փաստաթղթերից, որոնցից մեկի համաձայն՝ անցած տարի այդ կառույցը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ անդամ երկրներում հակակառավարական բողոքի ակցիաների դեմ միասնական ուժերով պայքարելու համար։

Որովհետև ՀԱՊԿ-ն ստեղծվել է ոչ թե՝ անդամ երկրների անվտանգության ապահովման նպատակով, ինչպես հայտարարվում է, այլ՝ որպեսզի անդամ երկրներն անգամ չմտածեն անվտանգության այլ համակարգի ընտրության մասին։ Իսկ այլ համակարգն այն համակարգն է, որին հակակշռվելու ու հակադրվելու համար ստեղծվել է ՀԱՊԿ-ն։

Այլ համակարգը ՆԱՏՕ-ն է՝ 1949 թվականին հիմնադրված Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը, որի հիմնական նպատակների՝ «Basic points» կոչվող հռչակագրային ձևակերպման մեջ կարդում ենք ՝ «ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն է քաղաքական և ռազմական միջոցներով պաշտպանել անդամ երկրների ազատությունն ու անվտանգությունը։

ՆԱՏՕ-ն խթանում է ժողովրդավարական արժեքներն ու քաջալերում է պաշտպանական և անվտանգության հարցերով համագործակցությունը՝ վստահության կառուցման և երկարաժամկետ կտրվածքով՝ հակամարտությունների կանխարգելման նպատակով»։

Սա, իհարկե, անվտանգության երկու համակարգերի մասնագիտական համեմատություն չէ, և հասկանալի է՝ այս համակարգերը չեն գործում միայն հռչակագրերով։ Բայց հասկանալի է նաև, որ այս համակարգերը՝ որքան էլ լինեն ռազմաքաղաքական ու, առաջին հերթին, քաղաքական՝ իրենց բովանդակությամբ, միևնույն է, դրանք քաղաքակրթական, արժեքային այս կամ այն մոդելի վրա հիմնված համակարգեր են, որոնց տարբերությունը, վերջին հաշվով, հանգում է ժողովրդավարությանն ու հակաժողովրդավարությանը։

Կարելի է, իհարկե, այս համեմատությանը հակադրել ՆԱՏՕ-ի հրեամասոնական առաքելության մասին դավադրությունները, անգամ մեջբերել Քենեդիի հայտնի խոսքերն աշխարհում ամերիկյան կարծիքի դոմինանտության անթույլատրելիության մասին, և այլն։

Բայց հակադրելուց առաջ կամ գոնե հետո կարելի է նաև ուղղակի նայել աշխարհի քարտեզին՝ ՆԱՏՕ-ական ու ՀԱՊԿ-ական երկրների տարանջատմամբ։ Կարելի է նայել ու անկարելի է չարձանագրել, որ առաջինները քաղաքակրթորեն, դեմոկրատաբար ու տնտեսապես զարգացած երկրներն են, մյուս կողմում՝ աշխարհի հետնապահներն են, ինչպես ընդունված է ասել, որոնց ցանկը, ի դեպ, գրեթե նույնական է ՄԱԿ-ի այն քվեարկությունների արձանագրությունների հետ, որոնցով Ռուսաստանը՝ իր արբանյակներով, հակադրվում է աշխարհին։ Հայաստանն այդ ցանկում ունի իր պատվավոր ու անխախտ դերը։

Հայաստանում ժողովրդավարությունը չի զարգանալու կամ չի կայանալու Ընտրական ու այլ օրենսգրքեր ընդունելով կամ բողոքի ակցիաները ցրող հին ջրցաններն էլեկտրամոբիլներով փոխարինելով։ Հայաստանում ժողովրդավարությունը չի զարգանալու ընդհանրապես։

Անգամ, եթե այսօրվա իշխանությունը փոխվի, և իշխանության գան բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր են ու արևմտամետ՝ «այդուհանդերձ», այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ չի խոսվում անվտանգության համակարգի մասին։

Ու նրանք կարևոր ու ցանկալի են Հայաստանում քաղաքականությունը քվոտավորող Ռուսաստանի համար, քանի որ ապահովում են Հայաստանի անխախտ տեղը ՀԱՊԿ կոչվող կառույցում, որն իր անվանմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, բովանդակությամբ՝ Հայաստանի անվտանգությունը պարալիզացնող կազմակերպություն։
Բայց Հայաստանի «այդուհանդերձ» ընդդիմադիրներին ոչինչ չի խանգարի հայտարարել, որ վաղն իսկ Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կամ արդեն իսկ անդամ է։ Չէ՞ որ Հայաստանը մասնակցում է Ռուսաստանի նախաձեռնած բոլոր կասկածելի նախագծերին՝ ԱՊՀ, ԵՏՄ, ՀԱՊԿ, իմա՝ «Հյուսիսային ավանտյուրիստական պայմանագրի կազմակերպության» անդամ է։ Դրա անգլերեն հապավումը նույնական է NATO-ի հետ՝ Northern adventurous treaty organization։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս