Ստալինը վերադարձել է. Times-ը՝ ԽՍՀՄ-ի ռեբրենդինգի սպառնալիքի մասին
Խորհրդային անցյալի հայրենաբաղձության «վերաբեռնումը» Լենինի, Ստալինի և Մարքսի կերպարների՝ հիփսթերյան կուռքերի վերածումը կրում է լուրջ սպառնալիք։ Այս մասին գրում է Times-ը «Պետք չէ խաբվել Ստալինի նոր կերպարին» հոդվածում։
Թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Պետդումայում նախընտրական արշավի շրջանակում Ռուսաստանի Կոմկուսը «ռեբրենդինգ» է արել ոչ միայն կուսակցությունը, այլև ակնառու խորհրդանիշներին։
Ջինսերով և հիփսթերյան գլխարկով, նոութբուքը ձեռքին Լենինը, կաշվե բաճկոնով Կառլ Մարքսը՝ ձեռքին »Կապիտալը», նոր տեսողական հնարքներ են, որոնք կոչված են հարուցել երիտասարդ սերնդի համակրանքը։ Սակայն ամենածիծաղելի, միաժամանակ, ամենավախեցնող գովազդն այդ ռեբրենդինգի շրջանակում, ըստ թերթի, Ստալինն է, որը ծխում է էլեկտրոնային ծխախոտ և հայտարարում․ «Տեղեկացված եղեք, ընկերներ»։
Նոր կերպարները կոչված են ցույց տալ, որ կոմունիզմը նախկինի պես արդիական է, սեքսուալ և զիլ, գրում է Times-ը։Սակայն դրանք մռայլորեն հիշեցնում են այն մասին, թե ինչպես է ձևավորվել հասարակական կարծիքը բռնատիրության տարիներին։
Թերթը հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ն ու նացիստները միանման են կարողացել օգտագործել համարձակ տեսողական կերպարները, որպեսզի արտահայտեն իրենց քաղաքական տեսակետը։ Վառ գույներ, հասարակ կարգախոսներ, ուժեղ կերպարներ, անձի պաշտամունք՝ ժամանակակից գովազգը շատ բանով է պարտական 1930-ականների քարոզչությանը։
Times-ը զգուշացնում է, որ դա գրեթե վերջին քայլն է Ստալինի «վերակենդանացման», կոմունիզմի հանցագործությունների սրբագրման ճանապարհին։ Պարբերականը գրում է, որ Կոմունիստական կուսակցությունը նախկինի պես գլխավոր ընդդիմադիր ուժն է Ռուսաստանում, սակայն իրականում ոչ ոք այնքան ուրախ չէր լինի Ստալինի կերպարի վերածնման համար, որքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թերթը հիշեցնում է, որ վերջին հարցումների համաձայն՝ Ռուսաստանի բնակիչների կեսից ավելին հայտարարել է, թե Ստալինը «ընդհանուր առմամբ դրական» դեր է խաղացել երկրի կյանքում։
Ստալինի անձով հիացմունքն անշեղորեն աճում է երկրում վերջին 20 տարում։ Դաժան աշխարհի մասին, որը նա ստեղծեց, միլիոնավոր անմեղ մարդկանց մասին, որոնք սպանվեցին Ստալինի կենդանության օրոք, հիմա հազվադեպ են հիշում։
Դրա փոխարեն, Պուտինը համեմատում է Ստալինին Օլիվեր Կրոմվելի հետ, ընդգծում նրա դերը Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակի հարցում։
Ժամանակակից, թվային դարաշրջանի համար վերականգնած, ներված, կոնտեքստից կտրված ․․․
Ստալինը վերադարձել է։