«Ավելի կոռեկտ կլիներ՝ Հ1-ին վերաբերող հարցադրումներն այնտեղ գործող հանձնաժողովին ուղղել». Տիգրան Հակոբյան
ԱԺ-ում այսօր քննարկվում է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նոր անդամի ընտրության հարցը, որի թեկնածուն Տիգրան Հակոբյանն է։
Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Տիգրան Հակոբյանի մասին ասաց, որ, թեև երկար ժամանակ հակառակորդներ են եղել, բայց վերջինս ոլորտի լավագույն մասնագետներից է։ Պատգամավորի՝ մեդիայում հասարակական կարծիքի ներկայացման մասին հարցին Տ. Հակոբյանը պատասխանեց, որ, եթե վերցնենք ամբողջ մեդիան, ապա բոլորը կարողանում են ազատ արտահայտել իրենց տեսակետը, այլ հարց է, որ եթերային և կաբելային հեռուստաընկերությունները շատ ավելի մեծ լսարան ունեն, քան սոցցանցերը կամ բլոգները.
«Եթե այսօր Հայաստանում կարգավորվում են միայն եթերային և կաբելային հեռուստաընկերությունները, ապա վտանգ կա, որ ինտերնետային տեսաձայնային հեռարձակումները՝ վաղն ունենալով ավելի մեծ լսարան, կմնան կարգավորումից դուրս ու կկարողանան տարածել ցանկացած ինֆորմացիա, որը չի արտահայտում հասարակության պահանջները, պետության շահերը, և կարող է գործիք դառնալ արտասահմանյան ինչ-որ շահերի կամ պետությունների համար, որպեսզի Հայաստանում իրենց խնդիրները լուծեն»։
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հիմնական հասարակական կարծիքը ձևավորվում է եթերային կամ կաբելային հեռուստաընկերությունների միջոցով, որոնք հասարակական կարծիքն ամբողջությամբ չեն ներկայացնում։ Պատգամավորը հետաքրքրվեց նաև գովազդների ժամանակ ձայնի կտրուկ բարձրացման խնդրով, որն ըստ նրա՝ խախտում է մարդու հանգստի իրավունքը, ինչին ի պատասխան՝ Տ. Հակոբյանն ասաց, որ մշակվում է օրենքի նախագծի օրինակ՝ այդ խնդրին լուծում տալու նպատակով.
«Իհարկե, դա խնդիր է։ Ձայնը բարձրացնում են գովազդի ժամանակ, որպեսզի ուշադրություն գրավեն, ինչը միայն օրենսդրական լուծում կարող է ունենալ»։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց՝ ո՞րն է Հանրային հեռուստաընկերության հանրային բնույթը.
«Մեզ հետաքրքրում են Հ1-ի լուրերը, որի լուսաբանման մակարդակից, ձևից ու բովանդակությունից անձամբ ես շատ դժգոհ եմ։ Եթե քաղաքական բլոկը ներկայացվում է այն ճաշակով, այն տեսքով, որը ժողովրդին կատաղեցնում է, ուրեմն՝ այս համակարգային բարեփոխումների ընթացքում դա էլ պետք է փոխվի»։
Տ. Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ խոսքն Ազգային հանձնաժողովի մասին է, որը չի համակարգում Հանրային ռադիոհեռուստաընկերությունը. «Այնտեղ կա առանձին հանձնաժողով՝ բաղկացած 5 հոգուց, ավելի կոռեկտ կլիներ այդ հարցադրումները նրանց ուղղել»։
Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ անկեղծ պատասխան էր ակնկալում. «Դուք անկեղծ չպատասխանեցիք»։