
«Վարկի շրջանակում սպառազինություն է ձեռք բերվել». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմատեխնիկայի արդիականացմանը նոր թափ է հաղորդվել:
«ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները, արդիականացումը գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո: Անկասկած, ապրիլյան պատերազմից հետո մենք համապատասխան հետեւություններ ենք արել: Ինչ վերաբերում է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա պլանային բոլոր միջոցառումներն իրականացվում են, եւ մեզ տրված միջազգային վարկի շրջանակում այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք ենք տանում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ վարկի շրջանակում սպառազինություն է ձեռք բերվել, սակայն ծավալների մասին խոսել չցանկացավ:
Անդրադառնալով վերջին շրջանում սահմանին տիրող իրավիճակին` Սեյրան Օհանյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունն իրականացվում է:
«Վերջին ժամանակահատվածում առաջին գծում լարվածության միտումներ չկան. մի քիչ ավել, մի քիչ պակաս, սակայն պայմանավորվածությունը կատարվում է: Հիմնականում հրաձգային զենքից են կրակոցներ հնչում, որին ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքապահները ուշադրությամբ հետեւում են եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնում»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը: