
«Յուրաքանչյուր փոփոխություն պետք է ինքնանպատակ չլինի»

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների ընթացքը:
Մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրհուրդը, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժաժարականին, գտնում է, որ գործընթացը սպասելի էր, սակայն, միևնույն ժամանակ համարում է, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ինքնանպատակ չլինի, քանզի Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում անհրաժեշտ են արմատական և կտրուկ փոփոխություններ, որոնք կարճաժամկետ հեռանկարում պետք է ապահովեն խիստ կոնկրետ արդյունքներ և զարգացում:
Նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ընտրական գործընթացի վերահսկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման այլ մեխանիզմներին: Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցությունն ունի անհրաժեշտ ռեսուրսները և վճռականությունը տեղամասերում ընտրակեղծիքների և խախտումների դեմ պայքարելու համար:
«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև ներկուսակցական կազմակերպչական այլ հարցեր:
«Հայկական վերածնունդ» կուսակցություն