
Գվարդիոլան կընդունի Մոուրինյոյի հետ գինի խմելու առաջարկը

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` մանչեսթերյան դերբիից հետո գինի խմելու առաջարկը: Գվարդիոլան նշել է, որ բազմաթիվ անգամներ ասել է, որ հարգանքով է վերաբերվում Մոուրինյոյին:
«Բազմաթիվ անգամ ասել եմ, որ հարգանքով եմ վերաբերվում Մոուրինյուին։ Միշտ փորձում եմ ինչ-որ բան սովորել գործընկերներից, իսկ նա բացառություն չէ։Մեր թշնամանքի մասին խոսակցությունները տարածում է մամուլը, իսկ մենք ոչինչ դրա հետ չենք կարող անել։ Ժամանակին միասին էինք աշխատում«Բարսելոնա»-ում։ Այո, ժամանակին նա մարզել է «Ռեալ»-ը, իսկ ես՝ «Բարսելոնա»-ն։ Եթե նա ինձ հրավիրի միասին խմելու գինի, անպայման համաձայն կլինեմ»,- ասել է իսպանացի մասնագետը:
Սեպտեմբերի 8-ին բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն որոշել է մի կողմ դնել «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ լարված հարաբերությունները, և, պահպանելով ձևավորված ավանդույթը, մանչեսթերյան դերբիից հետո նրան հրավիրել գինի խմելու: