
NASA-ն կայան է արձակել դեպի Երկրագնդի համար վտանգավոր Բեննու աստղակերպ

NASA-ն OSIRIS-REx (Origins Spectral Interpretation Resource Identification Security Regolith Explorer) առաքելությունն արձակել է դեպի Բեննու աստղակերպը, որը համարվում է Երկիր մոլորակի համար ամենավտանգավոր օբյեկտներից մեկը: Մեկնարկի ուղիղ հեռարձակումն իրականացվել է գործակալության կայքում:
OSIRIS-Rex-ի արձակումը կայացել է Երեւանի ժամանակով 03:05-ին Atlas V տանող հրթիռի միջոցով՝ Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից: 2018 թվականին այն կհասնի իր նպատակակետին՝ Բեննու աստղակերպին, որի բեկորն իջեցվող պատիճախցիկով պետք է Երկրի վրա ընկնի 2023 թվականին:
Բեննուի միջին տրամագիծը հավասար է 500 մետրի, Արեգակի շուրջը պտույտի շրջանը 1,2 տարի է: Աստղակերպը, NASA-ի կարծիքով՝ առավել վտանգավորներից մեկն է մարդուն հայտնի երկնային մարմիններից. մոլորակին ամենից մոտ այն կլինի 2135 թվականին, երբ հայտնվի Երկրագնդի եւ Լուսնի միջեւ՝ առաջինից շուրջ 300 հազար կիլոմետր հեռավորության վրա: