«Մթերող ձեռնարկություններն ունեն իրենց խնդիրները, չմտածեք, որ նրանք լավ օրի են ու այսօր չեն ուզում խաղող գնել»

«Բացի Երևանի կոնյակի գործարանից՝ մնացած գործարանների հետ խաղողագործները չունեն պայմանագրային պարտավորություններ, մթերող ձեռնարկությունները չեն կնքում պայմանագրեր։ Այս ոլորտում առաջին բացը սա է, որ խաղողագործը չգիտի՝ ում հետ պետք է իր առևտուրը կազմակերպի, ով պետք է իրենցրարից խաղող գնի, և ինչ պայմաններում, ինչ գնով։ Այսօր խաղողագործ-մթերող ձեռնարկություն կապը չկա։ Մթերող ձեռնարկություններն ունեն իրենց խնդիրները, չմտածեք, որ նրանք լավ օրի են ու այսօր չեն ուզում խաղող գնել կամ գյուղացու հետ նորմալ պայմանագրային պարտավորություններ կնքել, բայց ամեն պատճառի հետ մեկտեղ՝ պետք է հաշվի առնենք, որ գյուղացին՝ առանց մթերող ձեռնարկության հետ պայմանագիր կնքելու, չի կարող իր ապրանքը վաճառել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր մթերողները բարձրաձայնում են այսօրվա շուկայի կեղծ հումքի հետ կապված հարցեր. «Բոլորն ասում են՝ ներմուծվում է էժանագին սպիրտ։ Մթերողներն ասում են, որ չեն կարողանում գյուղացուց խաղողը գնել, վերածել սպիրտի ու վաճառել, քանի որ թե՛ գնային, թե՛ այլ առումներով անմրցունակ են լինում։ Պետք է կարողանանք վերամշակող ընկերությունների համար հավասար դաշտ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան հզորանալ ու, դրա հետ մեկտեղ՝ կարողանան գյուղացուց խաղող գնել»։

Նրա խոսքով՝ ոլորտը լավացնելու համար պետք է նաև պետական աջակցություն. «Եթե այսօր մեր մթերող ձեռնարկությունները չունեն ֆինանսական հնարավորություններ, պետությունը պետք է աջակցի, որպեսզի խաղողագործն էլ ինքնարժեքով ստիպված չվաճառի իր ապրանքն ու սոված-ծարավ նստի։ Կարևոր է, որ գնային քաղաքականությունն էլ վերանայվի, այդ բեռը միայն վերամշակող ընկերությունների վրա չթողնեն։ Ինչքա՞ն կարող է գյուղացին ինքնարժեքով ապրանք արտադրել, այդ մարդը պետք է կարողանա եկամուտ էլ ապահովել»։

Անդրադառնալով 2015թ. չվճարված գումարներին, նա նշեց, որ այս պահի դրությամբ կա 1.5 միլիարդ դրամից ավելի չվճարված գումար. «Այս պահին 7-8 ձեռնարկություններ են, որ ունեն պարտավորություններ խաղողագործների հանդեպ»։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ նախորդ տարի հիմնական խնդիրը ռուսական ռուբլու արժեզրկումն էր ու գնողունակության անկումը. «Պայմանագրերի մասով նշեց, որ 2011թվականից անընդհատ աշխատում ենք վերամշակողների հետ, որպեսզի գյուղացիական տնտեսությունների հետ կնքեն պայմանագրեր, և մինչև 2015թ. պայմանագրերը շուրջ 2.5 անգամ աճել էին։ Մինչև 2015թ. խաղողի իրացման գլոբալ խնդիր չի եղել Հայաստանում, ու մեր մթերողները պատրաստ էին ընդունել այն ծավալները, որ առաջարկում էին գյուղացիական տնտեսությունները։ 2015թ. խնդիրները շարունակվում են նաև հիմա, բայց դրանք ժամանակավոր երևույթներ են։ Ամբողջ աշխարհում գյուղմթերքների գնանկում է տեղի ունենում, միայն Հայաստանում կամ Ռուսաստանում չէ։ Նախկինում պայմանագրերը չէին ուզում կնքել գյուղացիական տնտեսությունները, հիմա խնդիրը կա վերամշակողների կողմից, որովհետև իրացման խնդիր ունեն, խուսափում են»։

Իսկ պետական աջակցության մասով նա նշեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում. «Վերամշակողներին տրամադրվում են վարկային միջոցներ, որոնք հիմնականում տրվում են մթերման համար։ Այսօր կապիտալ ներդրումների համար ոչ մի վերամշակող գումար չի վերցնում։ Բայց վերամշակողների մեծ մասի մոտ կան վարկային ծանրաբեռնվածության, գրավի անբավարարության, իրացման և այլ խնդիրներ»։

Պարտքերի մասով էլ նա նշեց, թե Արտակ Սարգսյանի հրապարակած ու պետական թվերը միշտ չեն համընկնում. «Մենք ամենօրյա աշխատում ենք, ու պարտքը կազմում է 800 մլն դրամ՝ ընդհանուր 31.5 մլրդ դրամից։ 10-12 կազմակերպություններ են, որ պարտքեր ունեն, ու բոլորը, բացի մեկ ընկերությունից, գրաֆիկով վճարումներն իրականացնում են, պարտքերը մարում են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս