Լավրովն Արևմուտքին մեղադրել է պետական հեղաշրջումների նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ` տարբեր երկրներում տեղի ունեցող պետական հեղաշրջումները գնահատելիս տարբեր մոտեցումներ դրսևորելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Որպես օրինակ` Լավրովը ներկայացրել է Թուրքիայի և Ուկրաինայի օրինակները:
Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի պարագայում ԱՄՆ-ը, իր ազդեցությունը Եվրոպայում ամրապնդելու համար, «հորինեց Ռուսաստանի կողմից սպառնալիքը»: Ընդ որում` Արևմուտքն ակտիվորեն աջակցում էր Կիևի հեղաշրջմանը, ինչի հետևանքով պաշտոնից զրկվեց երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Երկակի ստանդարտներն ակնհայտ են: Մեր ոչ մի արևմտյան գործընկերոջ գլխում չծագեց ասել Ուկրաինայի մասին այն, ինչ ներկայումս ասվում է Թուրքիայում հեղաշրջման փորձի առնչությամբ, որ հեղաշրջումներն անընդունելի են»,- հայտարարել է Լավրովը:
Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները շահագրգիռ են եղել Ուկրաինայում իշխանափոխությամբ:
«Նրանք ասում են, որ այն չեն նախապատրաստել, որ ժողովուրդը պարզապես ապստամբել է, բայց մենք գիտենք, որ դա ամենևին այդպես չէ»,- ասել է նա:
Նրա խոսքով` կան փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ն Յանուկովիչից պահանջել է բանակը չօգտագործել ցուցարարների դեմ: Միևնույն ժամանակ, Արևմուտքը աջակցել է Դոնբասի գործողությանը, որը նոր իշխանությունները ձեռնարկել են հեղաշրջումից անմիջապես հետո:
«Այստեղ անգամ անհրաժեշտ չէ բացատրել, թե դա ինչպես է կոչվում»,- հավելել է Լավրովը: