Կիբեր հարձակումները մեծացնում են ԱՄՆ-ում ընտրությունների շուրջ մտահոգությունը
Այս շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը կենտրոնացած է Իլլինոիս և Արիզոնա նահանգներում ընտրողների գրանցման համակարգերի վրա:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ վերջերս իրագործված կիբեր հարձակումների շնորհիվ հաքերներին հաջողվել է ձեռք բերել Իլլինոիսի մոտ 200 հազար ընտրողների անձնական տվյալները, սակայն պետական մարմինների խոսքերով, ընտրողների տվյալները չեն ենթարկվել որևէ փոփոխության կամ հեռացվել համակարգից: Իսկ Արիզոնայի պետական մարմինները հայտարարել են, որ իրենց համակարգ չեն ներխուժել:
Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոնից՝ Ջեյմս Էնդրյու Լյուիսի խոսքերով, եթե կիբեր հարձակումների հետևում կանգնած է եղել Ռուսաստանը, ապա դա կարող էր նոյեմբերին կայանալիք ընտրություններում փոփոխություն անելու կամ էլ պարզապես ընտրողների մեջ անվստահություն ներշնչելու նպատակով արված լինել:
«Ռուսաստանի նպատակներից մեկը ընտրողների շրջանում ընտրական գործընթացի շուրջ կասկածներ սերմանելն է: Եթե նույնիսկ հաքերներին ձերբակալեն, այնուամենայնիվ նրանք արդեն նպաստել են այդ գործին»:
Նոթղը Դամ համալսարանից Թիմոթի Քարոնի խոսքերով, երկրով մեկ կան ավելի քան 7 հազար ընտրական տեղամասեր, որոնք հագեցած են տարբեր տեխնիկայով և ընտրական գործընթացով, այսինքն լայնատարած միջամտությունը բարդ գործողություն է:
«Կարծում եմ այնուամենայնիվ կլինեն ընտրատեղամասեր, որտեղ կիբեր հարձակումների խնդիր կլինի, ինչը կտանի երկարատև իրավաբանական քաշքշուքի»:
Դաշնային կառավարությունը դիտարկում է ընտրական գործընթացը ազգային անվտանգության ենթկառուցվածքային կարևորություն ունեցող գործընթաց ճանաչել: Սակայն փորձագետների կարծիքով ընտրությունները մոտենում են և անվտանգությունը բարելավելու համար բավական ժամանակ չկա: