«ԵԱՏՀ-ն կատարում է այն առաջադրանքները, որոնք տարեսկզբին նշել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը». Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ-ի Մոսկվայի կենտրոնակայանում օգոստոսի 31-ին հանդիպում Է ունեցել Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ: Ինչպես տեղեկացնում են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հանձնաժողովի կարեւոր գերակայություններից մեկը աշխատանքն է արտաքին ասպարեզում:
«ԵԱՏՀ-ն կատարում է այն առաջադրանքները, որոնք տարեսկզբին նշել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, եւ որոնց աջակցություն են հայտնել մեր Միության մյուս երկրների նախագահները: 2016 թվականը, իրոք, հանձնաժողովի համար դարձավ երրորդ երկրների եւ հանգուցային ինտեգրացիոն միավորումների հետ Միության տնտեսական հարաբերությունների խորացման տարի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդ առումով հանգուցային ուղղությունը չինականն է: «Չինաստանի հետ բանակցային գործընթացը գործարկված է: Աշխատանքային խմբի մակարդակով բանակցությունների առաջին փուլը կայացել է օգոստոսին: Երկրորդը նախատեսվում է հոկտեմբերին: Մենք պայմանավորվածություն ունենք, որ բանակցող խումբը նիստեր է գումարելու ոչ պակաս, քան ամսական երկու անգամ: Հիմնական խնդիրը առեւտրատնտեսական ոլորտում փոխշահավետ լուծումներ գտնելն է, «Մետաքսի ճանապարհի» չինական նախագծի հետ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործը նթացի արագացումը:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի ղեկավարը Գրիգորի Ռապոտային նաեւ տեղեկացրել է ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ բանակցային գործընթացի հաջող առաջխաղացման մասին: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ իրանցիները «շատ լրջորեն են տրամադրված բանակցությունների դրական ելքի հարցում, բարձր մակարդակի բանակցային խումբ են ուղարկել»:
Որոշակի տեղաշարժեր կան Հնդկաստանի հետ բանակցություններում, որտեղ հոկտեմբերի կեսին սպասվում են Միության երկրների հետ հանձնաժողովի համատեղ աշխատանքի առաջին ծանրակշիռ արդյունքները:
Ինչպես հայտարարել է Տիգրան Սարգսյանը, շատ հեռանկարային են նաեւ Սինգապուրի հետ ընթացող բանակցությունները, հատկապես հաշվի առնելով այդ երկրում զարգացած ինովացիոն տեխնոլոգիաներն ու ֆինանսական հիմնադրամները ի նպաստ Միության պետությունների օգտագործելու հնարավորությունը:
Գրիգորի Ռապոտան վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության միջազգային համագործակցության փորձը կարող է օգտակար լինել Եվրասիական տնտեսական միությանը: «Բազմաթիվ միջազգային համաժողովներում: Մենք խոսում ենք մեր միավորումների ընդհանուր տնտեսական շահերի, ինտեգրացիոն գործընթացներում Եվրասիական տնտեսական միության արժանիքների եւ մեծ դերի մասին»,- ասել է Գրիգորի Ռապոտան:
Տիգրան Սարգսյանը մի քանի հիմնական շեշտադրումներ է արել նաեւ ԵԱՏՄ-ի ներսում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: «Նախեւառաջ ցանկանում եմ ասել, որ ավարտին են մոտենում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագծի շուրջ մեր բուռն ու բավական երկարատեւ քննարկումը: Մեր երկրների միջեւ սկզբում այդ հարցի շուրջ կար մոտավորապես 30 լուրջ հակասություն: Այժմ, ըստ էության, կա միայն մեկ չկարգավորված հարց: Հուսով ենք, որ հոկտեմբերի 28-ին Միջկառավարական խորհրդի Մինսկի նիստում վերջնականապես կհաղթահարենք Մաքսային օրենսգրքի շուրջ առկա բոլոր հակասությունները: Դա ավելի արդյունավետ, ազատական ու արդիականացված փաստաթուղթ կլինի գործողի համեմատությամբ»,-նշել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Ներքին երկրորդ հիմնարար ուղղությունը դեղորայքի ընդհանուր շուկայի գործարկումն է Եվրասիական տնտեսական միությունում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այստեղ եւս երկրները վերջերս փոխզիջման են հասել, եւ այս տարվա հոկտեմբերի վերջին պետք է սկզբունքային որոշում ընդունվի:
Տիգրան Սարգսյանը Գրիգորի Ռապոտայի ուշադրությունը հրավիրել է նաեւ այն բանի վրա, որ Միության երկրները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների ստեղծման հայեցակարգերը, որոնք կսկսեն աշխատել 2025 թվականին: Մոտավորապես մեկուկես տարվա ընթացքում հանձնաժողովը երկրների լիազոր մարմինների հետ համատեղ պլանավորում է պատրաստել այդ հայեցակարգերի իրագործման կոնկրետ միջոցառումների ծրագրերը:
Ներքին եւս մեկ գլխավոր վեկտոր, որտեղ միութենական պետություններն ու հանձնաժողովը դեռ շատ անելիք ունեն, թվային տարածության ստեղծումն է: «Այժմ աշխարհում ամեն ինչ թվայնացվում է. Ձեռնարկությունները, ճյուղերը, առեւտուրը, պետական գնումները: Առաջատար երկրներն արագ են գործում: Վերջերս մեր հանձնաժողովն էլ սկսել է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ, աշխատանքային խումբ է ստեղծվել Եվրասիական տնտեսական միության պետությունների լավագույն մասնագետների ներգրավմամբ: Մենք ունենք այդ աշխատանքի հատուկ կարեւորության ընդհանուր ըմբռնումը»:
Գրիգորի Ռապոտան պաշտպանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերը ներքին ու արտաքին ասպարեզներում: Ընդսմին, արծարծելով Եվրասիական տնտեսական միությունում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը, նա ընդգծել է, որ դա ճիշտ նպատակադրում է: Մանավանդ որ Միության պետությունները, նրա կարծիքով, ունեն «բարձրակարգ ծրագրավորողներ եւ մեծ ներուժ, որն անպայման հարկավոր է օգտագործել»:
Հիշեցնելով երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ Հուշագրի մասին՝ Ռապոտան առաջարկել Է տարեկան առնվազն երկու անգամ խորհրդակցություններ անցկացնել կողմերին հետաքրքրող հրատապ հարցերի շուրջ: