Բաժիններ՝

Քանի կուսակցական կա Հայաստանում

Նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք ՀՀ կուսակցությունների ֆինանսական ցուցանիշներին։ Այս անգամ ավելի անշնորհակալ մի բան կփորձենք անել՝ գոնե մոտավորապես հաշվել, թե քանի կուսակցական կա Հայաստանում։

Ասում ենք անշնորհակալ, որովհետև կուսակցությունների կողմից հայտարարված թվերը ստուգել գործնականում անհնար է։

Ամեն դեպքում, կփորձենք հնարավորության չափով հիմնվել պաշտոնական տվյալների վրա։

Այսպես, ՀՀ պետռեգիստրի բազայում կարելի է գտնել գրանցված 100 կուսակցության անուն։ Դրանց մի մասը լուծարվել է, մի մասն էլ՝ լուծարման գործընթացում է։  Սակայն դատելով Azdarar.am կայքից՝ մեծ մասը դեռ գործում է (թեկուզ թղթի վրա)։

Այդ կայքում իրենց հաշվետվությունները հրապարակել են մոտ 70 կուսակցություն։ Ընդ որում, կան հին կուսակցություններ, որոնց 2015թ. հաշվետվությունը այդ կայքում չկա (օրինակ՝ ՀՅԴ-ն) և կուսակցություններ, որոնք այս տարի են գրանցվել։ Այսինքն, այս պահի դրությամբ ունենք մոտ 75 կուսակցություն։

Անցնենք առաջ։ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000 անդամ։ 2015 թվականի հաշվետվություն ներկայացրած բոլոր կուսակցությունները 6 ամսից հին են։ Այսինքն՝ ունենք մոտ 70 այդպիսի կուսակցություն։

Ու եթե նկատի ենթադրենք, որ նրանք բոլորն ունեն օրենքով սահմանված նվազագույնը 2000 անդամ, կստացվի, որ Հայաստանում կա առնվազն 140 հազար կուսակցական։

Մի կողմից, այս թիվը կարելի է նվազեցնել, քանի որ կան շատ մարդիկ, ովքեր միաժամանակ մի քանի կուսակցության անդամ են։

Մյուս կողմից, սակայն, կան կուսակցություններ, որոնք ունեն մի քանի տասնյակ, անգամ` մի քանի հարյուր հազար անդամ։

Օրինակ՝ ՀՀԿ-ն հայտարարում է, որ ունի 130-140 հազար անդամ։ ԲՀԿ-ն ժամանակին պնդում էր, որ 400-450 հազար անդամ ունի։ Մոտավոր հաշվարկներով, ՀՀ քաղաքական կյանքում առավել ակտիվ 15-20 կուսակցությունները միասին ունեն մոտ 900 հազար անդամ։

Ու եթե անգամ ենթադրենք, որ մնացած 50-ը ունեն 2000-ական անդամ, կստացվի, որ Հայաստանում կա մոտ 1 միլիոն կուսակցական։

Մի քիչ էլ առաջ գնանք։ Ըստ օրենքի՝ կուսակցության անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի մշտական բնակչության թիվը մոտ 3 մլն է, որոնցից մոտ 400 հազարը անչափահաս են՝ 18 տարեկանից ցածր։ Այսինքն՝ պոտենցիալ կուսակցականների թիվը մոտ 2.6 միլիոն է։

Ստացվում է՝ չափահաս տարիքի բնակչության մոտ 40%-ը կուսակցական է (եթե հավատանք կուսակցությունների հայտարարած թվերին)։

Այսինքն՝ մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն կուսակցությունների, այլ նաև՝ կուսակցականների թվով։ Իսկ կուսակցությունների որակով կարող ենք հպարտանալը յուրաքանչյուրի որոշելիքն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս