Ջավախքում նախընտրական մթնոլորտը լարված է, հետաքրքիր ընտրություններ են սպասվում
Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Ըստ վերջին տվյալների` Վրաստանում կա 3 473 316 ընտրող: Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5% ընտրական շեմը: Մեծամասնական ընտրատարածքում հաղթող կհամարվի այն թեկնածուն, որը կհավաքի այդ տեղամասի ընտրողների 50%-ից ոչ պակաս ձայները: Վրաստանի խորհրդարանում 150 պատգամավոր կա: Սահմանադրության համաձայն՝ համամասնական համակարգով 77 պատգամավոր է ընտրվելու, մեծամասնականով՝ 73:
168.am-ը Վրաստանում կայանալիք ընտրությունների մասին զրուցել է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ:
– Գալիք ընտրություններին ընդառաջ բավականին լարված են տրամադրությունները Ջավախքում, որտեղ արդեն ներկայացվում են մեծամասնական թեկնածուները: Ինչպես հայտնի է, Վրաստանի վարչապետի ներկայությամբ Ախալքալաքում միջադեպ տեղի ունեցավ պատգամավորներ Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի կողմնակիցների միջև: Ինչո՞վ եք բացատրում այս տրամադրությունները Ջավախքում և ինչպիսի՞ ընտրարշավ եք կանխատեսում:
– Ջավախքում լարվածությունն ունի մի քանի պատճառ: Բայց գլխավորն այն է, որ Նինոծմինդան և Ախալքալաքը միավորվել են, և այդ ընտրատարածքից մեկ պատգամավոր է ընտրվելու այսուհետ, ինչը որոշակի խնդիրների պատճառ է դարձել: Ինչպես գիտեք, իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կրկին առաջադրել է պատգամավոր Հենզել Մկոյանի թեկնածությունը, ով, ինչպես հայտնի է, «ամենահին» պատգամավորներից մեկն է, քանի որ արդեն հինգերորդ անգամ է առաջադրվում և չորս անգամ հայտնվել է խորհրդարանում:
Նա ծագումով Նինոծմինդայից է, ինչն Ախալքալաքում որոշակի դժգոհության առիթ դարձավ հատկապես այն մարդկանց շրջանում, որոնք ևս հավակնում էին այդ տեղին: Ուստի այդ մարդիկ բանակցություններ են վարում իշխող կուսակցության հետ, խոսքը, մասնավորապես, Ախալքալաքում մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանի և իր թիմի մասին է, նրանք բանակցություններ են վարում իշխող կուսակցության հետ, որպեսզի իրենց թեկնածուն լինի «Վրացական երազանքի» անցողիկ ցուցակում, բայց «Վրացական երազանքը» դեռևս ցուցակը չի հրապարակում: Ուստի այդ սպասումը մարդկանց պահվածքը սրում է, այսինքն` նրանք անկանխատեսելի սպասման մեջ են, որի արդյունքում էլ գործընթացը լարվում է:
Իմ կանխատեսմամբ՝ իրավիճակը շարունակվելու է այսպես, քանի դեռ հայտնի չէ ցուցակը, որի կազմում ներառված կլինի Սամվել Պետրոսյանի թիմակիցը, ըստ այդ սպասումների: Ջավախքում մեծամասնական թեկնածուները հիմնականում հայեր կլինեն:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունն է ներկայացրել հայ թեկնածուի` Արսեն Կարապետյանին, ով բավականին ակտիվ է աշխատում: Անկախ ևս մեկ թեկնածու է գրանցվել, ով բավականին հեղինակավոր է: Առաջադրումների համար դեռևս ժամանակ կա:
Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա առաջին անգամ է, երբ ռեկորդային թվով քաղաքական կուսակցություններ են փորձում ընտրարշավ անցկացնել Ջավախքում, հայտնում են նաև մեծամասնական պատգամավորների մասին: Հանրային կարծիքի լիդեր, փաստորեն, Ջավախքում դեռ հստակ չկա, բնակչությունը տարբեր քաղաքական կուսակցությունների է աջակցում:
Ինչպես հայտնի է, ակտիվ է «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստանը», «Ազգային շարժումը», որը նորացրել է իր կազմը Ջավախքում` շեշտը դնելով տարածաշրջանի ավելի երիտասարդ սերնդի վրա, ակտիվ է նաև «Ձախակողմյան ուժերի ալյանսը», ակտիվ են նաև 5 տոկոսանոց շեմը հաղթահարելուն մոտ կանգնած կուսակցությունները: Այսինքն` բավականին ակտիվ ընտրարշավ է ընթանում: Թեև դժվար է ասել, թե հետո ինչ ակտիվություն կլինի, քանի որ հիմա օգոստոսն է, իսկ օգոստոսն այդքան էլ ակտիվ ամիս չէ ընտրությունների համար, սեպտեմբերը ցույց կտա: Համամասնական թեկնածուների ցուցակները դեռ ներկայացված չեն, կան կուսակցություններ, որոնք տասը հոգանոց ցուցակներ են հրապարակել, պաշտոնապես Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է ներկայացրել մոտավորապես 20 հոգանոց ցուցակ, նրանց կազմում մեկ հայի անուն կա:
Իմ կարծիքով` հայերը շատ ակտիվ կլինեն տարբեր կուսակցությունների ցուցակներում, դա ցույց է տալիս, որ կուսակցությունները փորձում են ակտիվ աշխատել հայերի հետ, դա՝ որպես առաջին քայլ, դրական եմ համարում, սակայն կարող եմ ասել, քանի որ կուսակցությունների մեծամասնությունը փորձելու է պայքարել 5-7 տոկոսանոց շեմի համար, ապա շատ դժվար է լինելու առաջադրել 10-ից ավելի մարդ: Այսինքն` շատ հավանական է, որ այս խորհրդարանում ևս այդքան շատ հայ չլինի:
– Մկոյանի վերընտրման հնարավորությունները բա՞րձր են, եթե հաշվի առնենք դժգոհությունները:
– Նա մեծ շանսեր ունի, քանի որ առաջինը` կա ֆինանսական ռեսուրս, երկրորդ` իշխող կուսակցության թեկնածուն է: Բայց հարցն այն է, թե որ փուլով նա կհաղթի: Երկրորդ փուլի դեպքում նա խնդիրներ կունենա, եթե բոլոր կուսակցությունները միավորվեն իր դեմ, ապա նա խնդիրներ կունենա:
– Ընդհանրապես կուսակցությունների հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: Իշխող կուսակցությունը վստահ է, որ պահպանելու է իր դիրքերը նոր ձևավորվելիք խորհրդարանում: Դուք ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Վրաստանի խորհրդարանի ներկայիս պատկերը փոխվի գալիք ընտրությունների արդյունքում:
– Վրաստանում ամեն ինչ է հնարավոր, քանի որ ներկայումս ժողովրդավարությունն ավելի բարձր մակարդակի վրա է, քան նախկինում, և դուք տեսել եք, թե ինչպես են ընտրությունների միջոցով Վրաստանում իշխանություններ փոխվել: Այսինքն` ոչինչ բացառել պետք չէ, երբ հասկանում ենք, որ ընտրությունների նկատմամբ ժողովրդավարական մոտեցում կա: Բայց այստեղ մեկ այլ հարց կա` որքանո՞վ է այդ մոտեցումը գործում Ջավախքում: Ժողովրդավարությունն այն մասշտաբով, ինչ մեծ քաղաքներում է, Ջավախք դեռ չի հասել: Թեև, միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ առաջին անգամն է, որ այսքան շատ քաղաքական ուժեր են մասնակցում, և այսքան շատ թեկնածուներ են առաջադրված տարբեր քաղաքական հոսանքներից:
Այսինքն` հետաքրքիր ընտրություններ են սպասվում, ու, եթե չօգտագործվի ադմինիստրատիվ ռեսուրս, տեղի բիզնեսմենները գումար չբաժանեն, ապա հնարավոր է երկրորդ փուլ: Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնում և ուշադիր հետևում ենք ռեսուրսների օգտագործման հարցին:
Նինոծմինդայում և Ախալքալաքում դեռ չենք նկատել ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառում, բայց ևս մեկ անգամ եմ ասում, որ առջևում սեպտեմբերն է, և ժամանակը ցույց կտա, քանի որ բացի այդ ռեսուրսից՝ կա ֆինանսական ռեսուրս, որոնք թեկնածուներն ունեն: Մեկ բան հստակ կարող եմ ասել, որ ելնելով ընդհանուր պատկերից՝ արդեն հիմա չենք կարող համեմատել ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը մի քանի տարի առաջ ռեսուրսների օգտագործման ծավալների հետ:
– Ջավախքցիներն ուշադրություն դարձնո՞ւմ են թեկնածուների ծրագրերի վրա, ընտրությունը սովորաբար որքանո՞վ է գիտակցված տեղի ունենում:
– Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ ծրագրերով ընտրողների 15%-ից ավելին չի էլ հետաքրքրվում: Ընտրողների մեծամասնությունն ընտրությունը կատարում է կուսակցական պատկանելությունից, հարազատական կապերից ելնելով: Կան ընտրողներ, որոնք որոշում են կայացնում ընտրությունների վերջին օրերի ընթացքում և ընտրությունների օրը, մոբիլիզացիան են հաշվի առնում, զգացմունքային բռնկումը և այլն:
– Ըստ Ձեզ` Հենզել Մկոյանի վերընտրության կարիքը կա՞ Ջավախքում:
– Միայն իմ կարծիքը կարող եմ հայտնել այս առնչությամբ: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի նա խորհրդարանական այդ տեղը զիջի նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնք ավելի լուրջ կրթություն ունեն, որոնք խնդիրներն ավելի լայնորեն են դիտարկում, ունեն տարածաշրջանի զարգացման տեսլական, տիրապետում են վրացերենին: Կարծում եմ, որ նման կադրերն ավելի մեծ օգուտ կտան այս տարածաշրջանին: Բայց դրա համար անհրաժեշտ է այս ռեգիոնի, հայկական համայնքի նկատմամբ մոտեցման փոփոխություն, պետք է լինի գիտակցում, որ սա լուրջ ռեսուրս է, որքան այս մարդիկ երկար այստեղ ապրեն, այնքան շատ հարկեր կվճարեն, և այս պարագայում անհրաժեշտ է հասկանալ, որ պետք են մարդիկ, որոնք մտածում են ոչ թե՝ սեփական շահերի, այլ՝ երկրի մասին: Խորհրդարանում ես Հենզել Մկոյանի կողմից չեմ հիշում որևէ լուրջ ելույթ, ակցիա: Շատ վատ է, որ վերջին շրջանում Վրաստանում երեք իշխող կուսակցություն է փոխվել, Մկոյանը պատգամավոր է եղել բոլորի կողմից: Ես կնախընտրեի թեկնածուների, որոնք այս կամ այն կուսակցությունում են հայտնվել՝ ելնելով գաղափարական մղումներից: Իշխանություններն ու տեղի ժողովուրդն իրենց մտածելակերպը պետք է փոխեն: Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրությունների օրն անցնում է այնպես, որ չեն պատահում այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին փոխել ընտրությունների արդյունքները: Այսինքն` նա իսկապես կարողանում է բնակչությանը մոբիլիզացնել, և մարդիկ իսկապես քվեարկում են, հարցն այն է, թե որքանով է նրանց ընտրությունը գիտակցված, որքանով են նրանք դա ցանկանում, որքանով այլընտրանք ունեն: Պետք է ընտրության այլընտրանքների մասին մտածել, քանի որ քաղաքական դաշտը Վրաստանում բավականին լայն է, գույները և ընտրության հնարավորություններն այսօր շատ ավելի շատ են, քան նախկինում: