«2050 թվականին Ադրբեջանի բնակչության թիվը կհասնի 12 միլիոնի». ադրբեջանցի նախարար
Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը միջոցառում է կազմակերպել` նվիրված բնակչության թվաքանակի կանխատեսմանն ու ժողովրդագրական փոփոխություններին, հայտնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովը հայտարարել է, որ վերջին տարիներին երկրի բնակչության թվաքանակն ավելանում է: Նա նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին Ադրբեջանի բնակչության թիվը կհասնի 12 միլիոնի:
2003 թվականից Ադրբեջանի բնակչությունն ավելացել է 18 տոկոսով և 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել 9.755.500 մարդ: Եթե 2003 թվականին Ադրբեջանում ծնելիության ցուցանիշը կազմում էր 1000 մարդու համար 14 երեխա, ապա 2015 թվականին այդ ցուցանիշը հասել է 17.4-ի:
Մահացությունը յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով նվազել է` 2003 թվականի 6 մարդուց հասնելով 2015թ. 5.7 մարդու:
Նորածինների մահացությունը յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով անցած տարվա տվյալով կազմել է 11 նորածին:
Մուսլիմովը նաև հայտնել է, որ այսօր, համեմատած 2003թ. հետ, 65 տարեկանից բարձր` երկրի բնակչության թիվն աճել է 20 տոկոսով: