Բաժիններ՝

Սահմանվելու են ՀՀ պետական դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի որոշման նախագիծ, որով սահմանվելու են ՀՀ պետական դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները: Նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում: Մասնավորապես, սահմանվում են դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները:

Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի պոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաեւ բամբակից, մետաքսից, բրդից եւ այլն:

Նույնատիպ չափորոշիչներ են առաջադրվում նաև զինանշանին: Ըստ այդմ, պաշտոնատար անձանց և պետական կազմակերպությունների ղեկավարների գրասենյակներում, պաշտոնական հանդիպումների սենյակներում եւ դահլիճներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինանշանը տեղադրվելու է նախագահության հետևի պատին՝ նախագահողի թիկունքի ուղղությամբ: Սահմանվում է, որ զինանշանը զետեղվում է մուտքի մոտ տեղադրված ցուցանակի վրա պետական կազմակերպության անվանման հետ միասին ցուցանակի վերին կենտրոնական մասում: Զինանշանի օգտագործումը պետական մարմինների, պետական կազմակերպությունների և դրանց ղեկավարների ձևաթղթերի, կնիքների վրա իրականացվելու է զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմաններին համապատասխան:

Նախագծով կհաստատվեն ՀՀ դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները, որոնք, որպես պարտադիր պայման, կկիրառվեն տպագրությունում, հեռուստառադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա:

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս