Omega-ն առաջին անգամ արևապաշտպան ակնոցների հավաքածու է ներկայացրել
Շվեյցարական Omega ընկերությունը ներկայացրել է իր պատմության մեջ առաջին արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Այս մասին հայտնել է Luxurylaunches-ը:
Դիզայներների համար ոգեշնչման աղբյուր են ծառայել ժամացույցների ուղենիշային մոդելները, որոնք ընկերությունը թողարկել է մի քանի տարի շարունակ: Ակնոցների շրջանակները մետաղից են, որոնք կայուն են քերծվածքների նկատմամբ:
Բրենդի ներկայացուցիչները դեբյուտային հավաքածուի թողարկումն ազդարարել են 2016 թվականի հուլիսի սկզբին: «Դա կարեւորագույն փուլ է Omega մակնիշի զարգացման մեջ, որը կկարողանա իր ստեղծագործական ներուժն օգտագործել նոր բնագավառներում»,- այն ժամանակ ասել է ընկերության նախագահ Ռեյնալդ Էշլիմանը:
Ժամացույցների Omega շվեյցարական ընկերությունը հիմնադրվել է Լուի Բրանդտի կողմից 1848 թվականին Լա Շո դե Ֆոնում: 1965 թվականին Omega Speedmaster ժամացույցը NASA-ի կողմից ընտրվել է «Ապոլլոն» ծրագրի համար. 1969 թվականին ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինի ձեռքին եղել է Լուսնի վրա, իսկ խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն այն կրել է ուղեծրում 1975 թվականին «Սոյուզ» եւ «Ապոլոն» տիեզերանավերի կցման ժամանակ: