«Մերձավորարևելյան իրադարձությունների և ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի միջև կապ չկա». Չենգիզ Աքթար
168.am-ի զրուցակիցն է Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարը
– Պարոն Աքթար, ինչպե՞ս եք բացատրում Թուրքիայի մուտքը Սիրիա հենց այս փուլում:
– Այստեղ մի քանի հանգամանքների մասին պետք է խոսեմ, որոնցից որևէ մեկը նորություն չէ: Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է իր հակաքրդական քաղաքականությունը, փորձելով վերացնել Մեծ Քրդստանի ձևավորման հեռանկարները, քանի որ այդ հեռանկարը դարձել է Էրդողանի սարսափը: Թուրքիային դարեր շարունակ չի հաջողվել դրական քրդական քաղաքականություն վարել: Այդ ավանդույթները, ցավոք սրտի, շարունակվում են: Կար ժամանակ, երբ Թուրքիայի իշխանությունները վախենում էին Իրաքի քրդերից, քանի որ նրանք բավականին հզոր և կայացած են, բայց այսօր Թուրքիային սարսափ է հարուցում Սիրիայում հզոր քրդական ներկայությունը, որը Մեծ Քրդստանի ձևավորման հարցում ամենալուրջ քրդական ուժը կարող է լինել: Թուրքիային ինչ-որ կերպ հաջողվում է Թուրքիայի քրդերին պահել վախի մթնոլորտում:
Մեկ այլ նկատառում անեմ այստեղ, սովորաբար Թուրքիայի նման քայլերը մի քանի անգամ ավելի բացասական հետևանքներ են ունենում Անկարայի վրա, և մենք դեռ տեսնելու ենք այդ հետևանքները: Թուրքիան կրկին փորձում է ընդդիմանալ պատմության բնականոն ընթացքին: Ինչպես ասացի, Թուրքիայի թիրախը քրդերն են, բայց ռուս-թուրքական մերձեցման ֆոնին Թուրքիան իր սիրիական գործողություններով փորձում է ցույց տալ նաև, որ պայքարում է «Իսլամական պետության» դեմ: Այս ողջ գործընթացը ներկայացնում է՝ որպես պայքար այդ կազմակերպության դեմ, այնինչ այս պահին չեմ կարծում, որ այդ գործողությունների թիրախում ԻՊ-ի գրոհայիններն են:
– Ի՞նչ հաջողության կարող է հասնել Թուրքիան իր այս գործողություններով:
– Ես իմ կարծիքն այս հարցում չեմ փոխել՝ Թուրքիայի իշխանությունները պետք է հաշվի նստեն քրդական գործոնի հետ, փորձեն բոլոր հարցերը լուծել քաղաքական երկխոսության միջոցով, քանի որ ճնշումներն էլ ավելի մեծ խնդիրների առջև են կանգնեցնում թուրք հասարակությանը: Թուրքիան, ինչպես 1915թ., այնպես էլ այսօր փորձում է փոխել պատմության ընթացքը:
– Պարոն Աքթար, գերտերությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, որը քրդերի դաշնակիցն է, արձագանքները բավականին զուսպ են եղել: Կան կանխատեսումներ, որ ԱՄՆ-ը պարզապես չի ցանկանում էլ ավելի սրել ամերիկաթուրքական հարաբերությունները, սակայն այսօր Սպիտակ տան ներկայացուցիչը մեկնաբանություններով բավականին հստակ նշել է, որ ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի գործողություններին: Ըստ Ձեզ՝ այս հայտարարությունը, նախատեսվող Օբամա-Էրդողան հանդիպումը, որի ընթացքում այս թեման ևս քննարկվելու է, զսպող հանգամանք կդառնա՞:
– Ինչպես գիտեք, հեղաշրջման փորձից հետո բավականին սրվել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները: Այս հանգամանքը, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս իշխանությունների անկախ ու համարձակ քաղաքականությունը հաշվի առնելով՝ կանխատեսել, որ էական փոփոխություններ կլինեն, սխալ կլիներ: Թուրքիայի հակաքրդական քաղաքականությունը նման արձագանքներով չի պայմանավորվի:
– Այս գործընթացի ելքն ինչպե՞ս եք տեսնում:
– Կարծում եմ՝ Էրդողանն ինքը չի տեսնում իր նախաձեռնած քայլերի ելքը: Իմ համոզմամբ, սա էլ ավելի է բարդացնելու Թուրքիայի ներսում տիրող իրավիճակը, ավելի խորացնելով երկրում առկա բևեռացումը, որի հետևանքներն ինձ բավականին վտանգավոր են թվում: Որևէ դրական ավարտ ես չեմ տեսնում Թուրքիայի համար, ցավոք:
– Պարոն Աքթար, մերձավորարևելյան իրադարձություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության վրա՝ հաշվի առնելով վերջին շրջանում թուրք պաշտոնյաների ակտիվ ադրբեջանամետ հայտարարություններն այս հակամարտության վերաբերյալ:
– Ես ԼՂ հակամարտության և մերձավորարևելյան իրադարձությունների միջև կապ չեմ տեսնում: Թուրքիայի պաշտոնյաները մշտապես իրենց աջակցությունն են հայտնում ադրբեջանական կողմին հայտնի պատճառներից՝ Ադրբեջանից կախվածության պատճառով: Սակայն այդ հայտարարությունները երբեք, եթե հիշում եք, քայլերի չեն վերածվել: Այս փուլում, կարծում եմ, Թուրքիան զբաղված է լինելու այս ուղղությամբ իր քաղաքականությամբ և Հարավային Կովկասի ուղղությամբ քայլեր չի ձեռնարկելու՝ հատկապես ռուս-թուրքական մերձեցման ֆոնին: Թուրքիան պետք է այս գոտում պասիվություն պահպանի Ռուսաստանին չհրահրելու նպատակով, քանի որ Հարավային Կովկասը Ռուսաստանն իր ազդեցության գոտին է համարում: Թեև Թուրքիան այդպես չի կարծում, ռուս-թուրքական վերսկսված գործընթացը չտապալելու նպատակով պետք է լռի:
– Հայաստանում կարծիքներ են շրջանառվում, որ դրական նախապայմաններ են ստեղծվել ԼՂ-ի շուրջ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան գործարքների համար՝ հատկապես այն հայտարարության ֆոնին, թե ԼՂ հակամարտությունը կքննարկվի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափով: Տեղեկություններ կան, որ Հայաստանին առաջարկվում է զիջումային փաստաթուղթ: Ըստ Ձեզ՝ այսօր իսկապե՞ս կա նման գործընթաց:
– Ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, քանի որ չունեմ տեղեկություն: Նման փաստաթղթեր նախկինում եղել են, բայց այս կամ այն կողմի պատճառով տապալվել են: Կարծում եմ, այս անգամ ևս, եթե կա նման փաստաթուղթ, Հայաստանը չի համաձայնի դրան՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Տրամադրություններն այդ մասին են փաստում: