«ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա տնտեսությունը». Սերգեյ Լեբեդև
Տնտեսական հարցերը կգերակշռեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Մինսկում, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ներկայում Մինսկում ընթանում է ԱՊՀ-ին կից մշտական լիազոր ներկայացուցիչների նիստը: Նրանք քննարկում են ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ապագա նիստի նախագիծը:
«Ենթադրվում է ներառել բազմաթիվ հարցեր, առաջին հերթին` տնտեսական բնույթի»,- ասել է Լեբեդևը լրագրողներին Մինսկում:
Նա նաև հայտնել է, որ նիստի օրակարգում լինելու են հարցեր, որոնք վերաբերելու են էներգետիկային, շրջակա միջավայրի պահպանությանը:
Լեբեդևի խոսքով` Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հետ միասին կանցկացվի նաև ԱՊՀ ֆինանսատնտեսական ֆորում: