ՃՈ-ն վարորդներին 12 օր ժամանակ է տալիս. սեպտեմբերի 10-ից սկսելու են արձանագրություններ կազմել
Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 10-ից սկսելու է արձանագրություն կազմել բոլոր այն վարորդների նկատմամբ, որոնք կերթևեկեն համապատասխան ստանդարտներին չհամապատասխանող գունամշակված դիմապակիով տրանսպորտային միջոցներով:
«Մենք վարորդներին տալիս ենք 12 օր ժամանակ, որպեսզի իրենք մեքենայի դիմապակին համապատասխանեցնեն սահմանված չափանիշներին: Սեպտեմբերի 12-ից մենք սկսելու ենք արձանագրություն կազմել այն վարորդների նկատմամբ, որոնք կերթևեկեն ոչ գործարանային տեսքի գունամշակված դիմապակիներով»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ որևէ գործարան ստանդարտի խախտումով գունամշակված դիմապակիով ավտոմեքենա չի արտադրում: «Բոլոր այն դիմապակիները, որոնք գունամշակված են, դրանք գործարանային չեն: Սեպտեմբերի 10-ից մենք սկսելու ենք արձանագրել նաև դա: Առաջին փուլով մենք վարչարարություն սկսեցինք թաղանթապատված դիմապակիներով մեքենաների վարորդների նկատմամբ: Համարում ենք, որ առաջին փուլն արդեն իսկ ավարտված է, քանի որ շատ դժվար է այսօր գտնել մեքենա, որի առջևի ապակին թաղանթապատված կլինի: Երկրորդ փուլով վարչարարություն ենք սկսում գունամշակված դիմապակիներվ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որովհետև վիճակագրություն ցույց տվեց, որ դա վտանգավոր է, և բազմաթիվ վթարներ և վրաերթեր տեղի են ունեցել վարորդի վատ տեսանելիության հետևանքով»,- նշեց Նորիկ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած մեքենայի դիմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, իսկ որևէ գործարան այդ չափանիշները խախտող դիմապակիով ավտոմեքենա չի արտադրում: