Բաժիններ՝

Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիան կսկսի գործել նաև Հայաստանում

ՀՀ կառավարությունը նախատեսում է շրջանակային համաձայնագիր կնքել Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի հետ: Համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու առաջարկությունը վաղը գործադիրի նիստում կներկայացնի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիան (ՀՇՄՖԿ) հանդիսանում է միջազգային ֆինանսական հաստատություն, որը ստեղծվել է Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի Կառավարությունների միջև 1990թ. կնքված համաձայնագրով: ՀՇՄՖԿ-ն հիմնականում վարկերի տեսքով ֆինանսավորում է տրամադրում շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված ծրագրերին, որոնք կարող են ուղղված լինել, օրինակ, համայնքներում էներգասնուցման և լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրմանը (ջերմային պոմպեր, վերականգնվող պաշարներով աշխատող սարքավորումներ և այլն), կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարմանը և վերամշակմանը, վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացմանը և այլն:

Ըստ որոշման նախագծի՝ կառավարությունը կարևորել է այն հանգամանքը, որ, ի տարբերություն Հայաստանում գործունեություն ծավալող այլ միջազգային ֆինանսական կառույցների, ՀՇՄՖԿ-ի կողմից առաջարկվող ֆինանսավորման շեմը բարձր չէ, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանում ոչ մեծ վարկունակություն ունեցող մասնավոր ընկերություններին ևս հասանելիություն ունենալ կառույցի կողմից տրամադրվող ֆինանսավորմանը: Միևնույն ուղղվածությամբ առկա է դրամաշնորհային միջոցներ տրամադրող հիմնադրամ` Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ (E5P), որը կարող է տրամադրել դրամաշնորհային միջոցներ` համաֆինանսավորելու ՀՇՄՖԿ-ի ծրագրերը և էլ առավել արտոնյալ դարձնելու դրանք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս