ԱՄՆ-ում լապշան դարձել է առավել ժողովրդականություն վայելող բանտային «արժույթը»

Արագ պատրաստման լապշան հետ է մղել սիգարետները՝ որպես ԱՄՆ-ի բանտերում օգտագործվող հիմնական «արժույթ», ասված է Արիզոնայի համալսարանից սոցիոլոգ Մայքլ Գիբսոն Լայթի թեկնածուական հետազոտության մեջ, տեղեկացնում է BBC-ն:

Իր ուսումնասիրության ընթացքում Գիբսոն Լայթը հարցազրույց է ունեցել շուրջ 60 բանտարկյալների հետ: Լապշայի՝ որպես բանտային արժույթի օգտագործման միտում է նկատվում նաեւ թեմայի վերաբերյալ այլ հետազոտություններում, պնդում է գիտնականը:

«Ռամենը հեշտ Է ճարվում, այն բավականին կալորիական է: Իսկ բանտարկյալներն իրենց օրերն անցկացնում են՝ զբաղվելով ֆիզիկական աշխատանքով եւ մարզասարքերի վրա»,- նշել է հետազոտողը Guardian թերթի հետ կայացած զրույցում:

Ինչպես ասված է հետազոտության մեջ, բանտում ռամենը կարելի է փոխանակել տարբեր ապրանքներով եւ ծառայություններով: Պահպանման երկար ժամկետի շնորհիվ դրանից իդեալական արժույթ է ստացվում:

«Այսպես թե այնպես, բանտում ամեն ինչ արվում է փողով: Այժմ փող է դարձել ապուրը: Տխուր է, բայց դա այդպես է»,- ասել է բանտարկյալներից մեկը:

Ինչպես կարծում է Գիբսոն Լայթը, լապշայի՝ մինչեւ բանտային արժույթի կարգավիճակ բարձրանալու պատճառը խնայողության միջոցներն են, որոնք սահմանում են մասնավոր բանտերի վարչությունները: Ինչպես նշում են հետազոտության հերոսները, վերջին տարիների ընթացքում բանտարկյալներին տրվող կերակրի որակն ու քանակը կտրուկ ընկել են:

Տեսանյութեր

Լրահոս