Բաժիններ՝

«ԵԱՏՄ մտնելուց հետո 2 տարին կլորացրել է, բայց, ըստ երևույթին, լավ է կլորացրել»

Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

– Պարոն Մելքումյան, այս տարվա սկզբին կանխատեսել էիք, որ տնտեսական տարին ամենածանրն է լինելու: Ներկայիս դրությամբ արդյոք արդարացե՞լ է Ձեր կանխատեսումը:

– Միանշանակ, որևէ հուսադրող բան չեմ տեսնում, հնչեցվող վիճակագրական տարբեր տիպի աճերը որևէ ազեցություն չեն կարող ունենալ իրական վիճակի վրա, որովհետև անցած տարի այնքան իջան արտահանման ծավալները և մյուս ցուցանիշները, որ այդ իջած բազայի վրա եթե նորից իջնեն ցուցանիշները, չգիտես՝ որտեղ կհայտնվենք: Բայց այսօր որևէ սփոփիչ բան չունենք: Իհարկե, ինչ-որ առանձին պայքարների մասին խոսվում է` մենաշնորհների, կոռուպցիայի դեմ, բայց թե ինչում է կայացել այդ պայքարը, այդպես էլ պարզ չէ: Դրա օրինակներից մեկն էլ Հարկային օրենսգրքի անհեթեթ փաստաթուղթն է, որ չի կարող ժամանակի պահանջին բավարարել: Եթե իրավիճակը բարվոք լիներ, խոշորածավալ ներդրումներ կգային, զբոսաշրջիկների թիվը կավելանար, և այլն: Ես ինձ պրագմատիկ գործիչ եմ համարում, հոռետես չեմ, բայց այս առումով հուսադրող ոչինչ չկա:

Առաջիկայում, կարծում եմ, լուրջ խնդիրներ կլինեն մթերումների հետ կապված, որովհետև այս տարի մթերողները շատ ավելի մեծ վարկերի տակ են, նախկին մթերածը չի իրացվել, և նորից գյուղացիները ստիպված են լինելու ճանապարհներ փակել: Իսկ կառավարությունը գնում է առանձին պրոբլեմների հետևից, ոչ թե համակարգային լուծումներ է տալիս: Իրենց բերած մեծածավալ վարկերը, թվում էր՝ արդյունք կտան, բայց դա էլ չի երևում: Անցած տարի 1.2 մլրդ դոլարի վարկ ենք վերցրել տարբեր ոլորտների համար` էներգետիկա, ջրամբարաշինություն, ռազմական ոլորտ և այլն, բայց արդյունք չկա:

– Այդ դեպքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ոգևորությունն ու շնորհավորանքները ՀՀ ՀՆԱ 10% աճի վերաբերյալ ինչո՞վ եք բացատրում:

– Պուտինը, հավանաբար, ուզում էր ասել, որ Հայաստանում տնտեսական որոշակի տեղաշարժերը պայմանավորված են ԵԱՏՄ մտնելով: Բնականաբար, այդ 10%-ի մասին խոսք չկա, բայց թե ո՞ր ժամանակահատվածի հետ կապված է, ի՞նչն են գումարել-հանել, դրա մասին խոսք չկա: Նույնիսկ վերջին 2 տարվա կտրվածքով դա չկա: Պետք է համադրելի գներով ցույց տալ. պարզ է, որ տնտեսական գործիքներ չեն օգտագործել: Ցանկությունն այն է եղել, որ ցույց տար՝ ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանում դրական միտումներ կան:

– Այսինքն` սո՞ւտ էր ասում, թե՞ զուտ քաղաքական գնահատական էր, որը պետք էր հնչեցնել:

– Չէ, իր ինչի՞ն էր պետք սուտ ասել, նայած՝ ինչ են զեկուցել: Երևի ԵԱՏՄ մտնելուց հետո 2 տարին կլորացրել է, բայց, ըստ երևույթին, լավ է կլորացրել: Հո չէ՞ր ասելու՝ 8.4% կամ 7.6%: Եվ դա քաղաքական հայտարարություն էր, ոչ թե մասնագիտական: Ցույց էր տալիս, որ վեկտորը դրական է: Հայաստանի բախտն ուղղակի չբերեց, որովհետև մենք Ռուսաստանի տնտեսական վիճակի հետևանքային երկիր ենք: Այդ խնդիրների մասին շատ ենք խոսել` նավթի գները, տրանսֆերտների կրճատումը և այլն: Այսօր էլ, օրինակ, շատ տարօրինակ է դոլարի փոխարժեքը, որ 475-ի վրա պահվում է, երբ դոլարի պահանջարկ չկա, ներկրումը կրճատվել է, և վճարունակ պահանջարկ չկա:

– Առաջիկայում նախընտրական շրջան է սկսվելու, ի՞նչ եք կարծում, տնտեսական զարգացումներն այդ ֆոնին ինչպե՞ս կընթանան:

– Նախընտրական փուլերում միշտ էլ դասական իմաստով ակտիվություն չի լինում, որովհետև մարդիկ սպասում են, թե ընտրություններն ինչով կվերջանան, որ հույս կապե՞ն այդ երկրի հետ, թե՞ ոչ, բայց սա այդ դեպքը չի, որպեսզի այդ դասական գործիքները գործեն: Բոլոր դեպքերում կառավարությունը փորձելու է աճ ցույց տալ, որովհետև, եթե նախընտրական շրջանում բացասական է լինում արդյունքը, այդ առումով կառավարությունը դատապարտվում է: Չնայած մեզ մոտ այդ տրամաբանությունը ևս չի աշխատում: Ամեն դեպքում պետք է համեմատվենք 2015թ. հետ, իսկ քանի որ անցած տարին շատ անհաջող էր, բնական է, որ այդ ցածր բազայի վրա մի փոքր աճ կլինի, բայց դա բոլորովին կապ չի ունենալու տնտեսական զարգացման և մարդկանց կենսամակարդակի հետ: Մարդկանց կենսամակարդակը չի աճում, աղքատությունը չի նվազում, այսինքն` տնտեսական մանիպուլյացիաների, թվերի հետ կապված գրառումները որևէ կապ չունեն, օտարված են մարդկանց կենսամակարդակի և սոցիալական ցուցանիշների բարելավման հետ: Այսինքն` ինքնանպատակ են: Եվ պարզ չէ, թե կառավարության անդամի աշխատանքի որակն ինչպես է գնահատվում` տվյալ ոլորտի աճի՞, թե՞ կառավարության համալիր աշխատանքի շրջանակներում: Իհարկե, մասնագիտական ունակություններն այսօր կարևոր նշանակություն ունեն, բայց քաղաքական որոշումների կայացման կամքն է ավելի կարևոր, որ վերցվի ծրագիրն ու իրականացվի: Երեք ոլորտ նշեմ` կոռուպցիա, մենաշնորհներ և դատական համակարգ:

Եթե, օրինակ, դատական համակարգում կարողանանք ցույց տալ, որ դատավորները գոնե մի 10-20% ճիշտ որոշումներ են կայացնում, վստահությունը մի քիչ կբարձրանա: Եթե մենաշնորհի մասին հայտարարում են, բայց ոչինչ չի արվում, իմաստը ո՞րն է: Օրինակ` հայտարարվեց, թե ով ուզում է, կարող է դիզվառելիք ներկրել, բայց հիմա ավելացե՞լ են ներկրողները, թե՞ ոչ, այդ մասին լռեցին: Չգիտենք նաև, թե կոռուպցիայի աստիճանն ավելանո՞ւմ է, թե՞ իջնում է: Այսինքն` սրանք շաղկապված պրոցեսներ են, մենաշնորհները և դատավորների ոչ արդար որոշումներն էլ են կոռուպցիայի արդյունք: Եթե ուզում ենք նախընտրական փուլում ինչ-որ բան ունենալ, պետք է արդարության և վստահության դեֆիցիտ չունենանք, կամ մեղմենք դա: Պետք է փաստով ցույց տալ արդյունքները, բայց ոչ մի տեղ ոչինչ չի երևում: Իսկ վիճակագրական մանիպուլյացիաները մարդիկ տասնյակ տարիներ սովորել են, լավ անում են: Իսկ կառավարությունն էլ տարօրինակ բաներ է անում, հայտարարում է կրճատումների մասին, բայց բավարարվում է գյուղնախարարի 3 տեղակալների կրճատմամբ: Էլ ինչո՞ւ էին հայտարարում: Բայց իրենք էլ են հիմա հասկանում, որ ցանկացած պահի ամեն տեսակ անակնկալ արդեն սպասելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս