«Ընդդիմադիր դաշտը պառակտված է, նրանք բացարձակ չեն թաքցնում, որ նախանձով են վերաբերվում մեկը մյուսի հաջողությանը». Քաղաքագետ
«Ես չեմ պատկերացնում, որ այդ պայքարը որևիցե արդյունք կտա, որովհետև ընդդիմադիր դաշտը պառակտված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով «Սասնա ծռերի» պայքարի հետագա ընթացքի և հեռանկարների մասին: Հիշեցնենք, որ երեկ խմբի աջակիցներն Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել: Նրանք հայտարարում էին, որ չեն նահանջելու:
Ըստ Գ. Համբարյանի՝ ընդդիմադիր դաշտի պառակտվածությունը բացեիբաց երևաց հենց «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ, երբ գրավել էին ՊՊԾ գունդը. «Տեսանք՝ նույն «Սասնա ծռերի» կողմնակիցներից՝ Ալեք Ենիգոմշյանն ինչպես էր քննադատում Նիկոլ Փաշինյանին: Այլ կուսակցությունների քննադատություններն էլ միմյանց նկատմամբ բերեցին նրան, որ, եթե «Սասնա ծռերը» քիչ թե շատ հաջողությունների էին հասել ՊՊԾ-ի ներսում, ապա դրսում ոչ մի բան չկարողացան կազմակերպել: Հիմա էլ ես որևիցե ակնկալիք չունեմ, որ որևէ հաջողության կհասնեն: Շատ ողջունելի է, որ փորձեր են անում միավորվելու, երկրորդ փուլի մասին են խոսում, բայց որևիցե ակնկալիքներ ես չունեմ»:
Գ. Համբարյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտը պառակտված է, նրանք բացարձակ չեն թաքցնում, որ նախանձով են վերաբերվում մեկը մյուսի հաջողությանը. «Հիշում եք՝ Ալեք Ենիգոմշյանը բացեիբաց ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է իրենց հաջողությունը տանել, իրենով անել: Փոխանակ միավորվեն, միավորված պայքարեն, համատեղ ուժերով որևիցե բանի հասնեն, մեկը մյուսին քննադատում են, մտածում են՝ ժողովուրդն էլ պետք է նստի նրանց գզվռտո՞ցը տեսնի, ոչ մեկին էլ դա հաճելի չէ»:
Քաղաքագետը գտնում է՝ իշխանության «մատն» ընդդիմության «մարգինալացման» մեջ շատ մեծ է: Ըստ նրա՝ իշխանությունների կողմից ամենակարևոր գործողությունն այն է, որ ԶԼՄ-ների միջոցով փորձում են «ցեխ շպրտել» ընդդիմադիր դաշտի գործիչների վրա՝ նրանց մեղադրելով իշխանությունների հետ թաքուն համաձայնության գալու, գումարներ ստանալու մեջ:
«Դրանով նաև մարգինալացվում է ամբողջ ընդդիմադիր դաշտը: Իրավիճակ է ստեղծվում, երբ ամբողջ հասարակությունը ոչ միայն չի վստահում իշխանամետ ուժերին, այլև՝ ընդդիմադիր ուժերին: Այդ գործընթացը վաղուց է սկսվել, այնպես չէ, որ նոր է սկսվել: Սա նորմալ չէ, իշխանության մատն էլ ընդդիմադիր դաշտի մարգինալացման մեջ շատ մեծ է, իրենք էլ նպաստում են, որ այդ լուրերը տարածվեն: Նույն իշխանություններից Սամվել Ալեքսանյանը երբ ասում էր՝ «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա», դրանով ի՞նչ նպատակ էր հետապնդում: Նրանք փորձում են «փչացնել» ընդդիմադիր գործիչներին, որ ավելի հեշտ լինի նրանց կառավարելը, ու ավելի վերահսկելի ընդդիմություն ունենան: Իշխանություններին դա հաջողվում է, և նույն ընդդիմությունն իրենց մեջ են տանում պայքարը»,- նշեց մեր զրուցակիցը: