«Ադրբեջանին կպարտադրեն կատարել ձեռք բերված համաձայնությունները». Մոդեստ Կոլերով
Մեր զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը
– Պարոն Կոլերով, Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարեցին ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման մասին: Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ ասպեկտով է այն գործելու:
– Սա սենսացիոն, համաշխարհային ու պատմական նշանակության նորություն է, որ ադեկվատ արձագանք չստացավ Հայաստանում: Սա նշանակում է, որ Հայաստանի տարածքում ստեղծվում է միացյալ զինուժ, որը զբաղվելու է արտաքին պաշտպանությամբ:
– Դա ի՞նչ առնչություն ունի Ղարաբաղյան հակամարտության հետ:
– Դա ուղղակի կապված է հակամարտության հետ, քանի որ, եթե մինչ այն պահը, երբ կստեղծվի միացյալ խմբավորումը, ադրբեջանական կողմի հարձակումներն անգամ հայկական տարածքների նկատմամբ, օրինակ՝ Նոյեմբերյանում, մնում էին առանց ՀԱՊԿ արձագանքի և ներուժի օգտագործման, քանի որ այդ ներուժի օգտագործման մեխանիզմն ուղիղ չէ, այլ Հայաստանը նախ՝ պետք է դիմի ՀԱՊԿ-ին, անդամ պետությունները քննարկեն և կոնսենսուսով որոշում կայացնեն, ապա հիմա, թեև արդեն իսկ Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունը վաղուց դե ֆակտո երկկողմ բնույթ էր կրում և ոչ թե ՀԱՊԿ շրջանակներում էր, այս խմբավորման ստեղծումը կնշանակի, որ Հայաստանի տարածքի հանդեպ ագրեսիան ուղղակի ագրեսիա կլինի Ռուսաստանի հանդեպ: Եթե Հայաստանը որոշակի պայմաններ կամ սահմանափակումներ առաջ չքաշի, օրինակ՝ Իջևանի շրջանում խմբավորումը չի գործելու, ապա զուտ ռազմական տեսանկյունից Հայաստանի հանդեպ ագրեսիան ավտոմատ կնշանակի՝ ագրեսիա Ռուսաստանի հանդեպ: Սա՝ առաջին:
Երկրորդ՝ ես ուշադրություն դարձրեցի նրան, որ Բաքվում Շոյգուի հանդիպումների արդյունքներով ամենակարճ հռչակագրում ասվում էր, որ կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հարաբերությունների կոնտեքստում տարածաշրջանային անվտանգությունը նշանակում է այդ հարաբերությունների փոխգործակցություն և ազդեցություն տարածաշրջանային անվտանգության առումով: Եթե սա թարգամանենք սովորական լեզվով, ապա դա նշանակում է, թե ինչպես է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունն իրեն դրսևորել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ: Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության կողմնակիցների հավաստիացումները, որ Ադրբեջանին ծանր սպառազինությունների մատակարարումների մասին 2007 թ. համաձայնագրի իրացումը բացառում է Ադրբեջանի կողմից այդ սպառազինությունների չարաշահումները, չեն համապատասխանում իրականությանը: Բայց մենք տեսանք և գիտենք, որ ապրիլին Ադրբեջանն օգտագործեց ծանր սպառազինություն, իսկ ով կասկածում էր դրանում, ուղիղ հաստատում ստացավ այդ մասին Ռոգոզինի և Մեդվեդևի շուրթերից: Մոսկվայում կա գիտակցում, և Պուտինն է ավելի վաղ հայտարարել այդ մասին, որ նման սպառազինության օգտագործումը ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ Շոյգուի և իր Բաքվի գործընկերների հետ այդ խոսակցությունների էությունը հենց նրանում էր, որ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ընդհանուր խնդիրը չի կարող օգտագործվել Ղարաբաղում պատերազմի համար: Բաքվում ընկալե՞լ են արդյոք նրան, թե՞ ոչ, ես կարծում եմ, դա առաջին ազդակը կլինի, որ կհակադրվի Ռոգոզինի և Մեդվեդևի դիրքորոշումներին:
– Պարոն Կոլերով, իսկ նման խմբավորման ստեղծումն ինչպե՞ս կազդի Հայաստանի ինքնիշխանության վրա: Այստեղ տեսակետ է հնչում, որ դա հերթական հարվածն է ՀՀ ինքնիշխանությանը:
– Ինքնիշխան պետությունը կարող է ստորագրել ցանկացած համաձայնագիր: Ես դրան շատ պրագմատիկ եմ նայում: Եթե Հայաստանն ինքն արտադրեր տանկեր, ինքնաթիռներ, հրթիռներ, ՀՕՊ համակարգեր, ապա հավանաբար Ռուսաստանի հետ այդ ոլորտում համագործակցությունն ավելորդ կլիներ: Հայաստանում դա չեն անում, չէ՞: Հայաստանն Արևուտքից և Արևելքից շրջապատված է թշնամիներով, հյուսիսից սահմանակից է երեսպաշտ հարևանի, հարավից՝ Իրանի հետ, որի մոտ միշտ կգերազանցեն սեփական մեծ պետության շահերը, և, ինչպես ոչ մեկ անգամ եմ համոզվել Թեհրանում, իրենց մոտ ակտուալ է պատմական հիշողությունը, որի համաձայն՝ Երևանյան խանությունը պատկանում էր Օսմանյան կայսրությանը, իսկ Ղարաբաղյան խանությունը՝ Իրանին: Եվ այդ պատմական իրողությունները ոչ միայն նրանց գլխում են, այլև շուրթերին: Այդ պատճառով այս իրավիճակում Հայաստանը դատապարտված է մեծ դաշնակից փնտրել տարածաշրջանից դուրս՝ լինի դա Ֆրանսիան, ԱՄՆ-ը թե Ռուսաստանը: Հայաստանը չունի ընտրություն՝ հենվել միայն սեփակա՞ն ուժերի վրա, թե՞ փնտրել դաշնակից:
Եթե սեփական ուժերի վրա հենվի, նա կպարտվի, քանի որ չափից շատերն են ուզում նրա ամրությունը ստուգել: Արևելքից 9 մլն է, արևմուտքից՝ 80 մլն, հարավից՝ 80 մլն, իսկ հենց Հայաստանում ընդամենը 2.5 մլն մարդ է: Ես կարծում եմ, որ ներուժի այս պարզ դպրոցական համադրումը յուրաքանչյուր սթափ մարդու ստիպում է փնտրել մեծ դաշնակիցներ: Եթե դուք պնդում եք ինքնիշխանության վրա՝ դրա բացարձակ չափման մեջ, ապա պետք չէ հարաբերություններ պահպանել Լոս Անջելեսի հետ, նայել Գլենդելի քաղաքապետարանի աչքերի մեջ, այցելել Ֆրանսիա, ուրախանալ առանձին նահանգների կամ պրեֆեկտուրաների կողմից Ղարաբաղի ճանաչմամբ:
– Բաքվում և Մոսկվայում նախագահների հանդիպումներից հետո ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն հանդիպեց իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, ապա մեկնեց Բաքու՝ Ալիևի հետ հանդիպման: Միաժամանակ, ռուսական որոշ ԶԼՄ–ներում տարբեր փորձագետների միջոցով ակտիվացան խոսակցությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին: Այստեղ կապ տեսնո՞ւմ եք:
– Խաղաղապահների հարցը վաղուց քննարկված է, դա նոր չէ, հին է: Ներկայիս պայմաններում Ռոգոզինի և Մեդվեդևի ապրիլյան հայտարարություններից հետո, ես կարծում եմ, այդ հարցն այլևս ակտուալ չէ: Իսկ Շոյգուն չի քննարկում և չի կարող քննարկել դիվանագիտական հարցեր, նա դրա համար չունի ո´չ իրավասություններ, ո´չ լիազորություններ, ո´չ մանդատ: Շոյգուն սկզբունքորեն չի կարող քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր:
– Մոսկվայում Սերժ Սարգսյանը դիմելով Վլադիմիր Պուտինին՝ նշել էր, որ «շատ կարևոր է, որպեսզի իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները», մասնավորապես նկատի ունենալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է մոռացվել դրանց մասին, և հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման փոխարեն՝ կրկին խոսվում է խաղաղապահների տեղակայման մասին:
– Աշխարհի վրա քիչ չեն ապուշները, եթե նորից քննարկում են խաղաղապահների հարցը: Կրկնում եմ, դա վաղուց քննարկված, որոշված և սպառված հարց է: Խաղաղապահների մասին որոշումը չի ընդունվում Ռուսաստանի կողմից: Այն ընդունվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Այդ իսկ պատճառով քննարկումն ինքնին դեմագոգիա և խարդախություն է:
Եվ հետո, Վիեննայի համաձայնագիրն Ադրբեջանը չի ստորագրել, Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանին ստիպեցին միանալ այդ համաձայնագրին: Հետաքննության մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը մնում են ընթացիկ խնդիրներ և անցնում են համաձայնեցման բոլոր փուլերը: Ոչ ոք ոչ մի բանից չի հրաժարվել: Դա մեկ վայրկյանում չի արվում: Եվ, օրինակ, Ղարաբաղում դիտորդների թվի ավելացման առումով կարևոր հարց է, թե դա ինչպե՞ս է արվելու, ո՞ր կողմից են նրանք մտնելու: Այդ հարցը քննարկման օրակարգում է:
– Նախագահների հաջորդ հանդիպումը սկզբում նախատեսվում էր օգոստոսին, այժմ հայտարարվում է սեպտեմբերին: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից:
– Սպասվում է, որ Ադրբեջանին կպարտադրեն կատարել ձեռք բերված համաձայնությունները: Դա թիվ մեկ խնդիրն է այսօր:
– Իսկ Ղարաբաղը կրկին ե՞րբ կմիանա բանակցություներին:
– Դրան պետք է նախ՝ համաձայնի Ադրբեջանը: Այժմ ՄԽ բոլոր համանախագահները համերաշխ աշխատում են այդ ուղղությամբ, որ Ադրբեջանը համաձայնի: