«Լավրովյան ծրագիրը կասեցված է. նրանք հասկացան, որ այդ դեպքում կկորցնեն Հայաստանը, իսկ կորցնելով Հայաստանը՝ կկորցնեն տարածաշրջանը»
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ղարաբաղյան հարցին` ասաց.
«Երբ Պուտինն ասում է, որ պետք է լինի հավասար, կոմպրոմիսային որոշում, պետք է հաղթող և հաղթվող կողմեր չլինեն, սրա տակ որևէ քաղաքական հեռանկար չեմ տեսնում: Ադրբեջանն այսօր այնպիսի մի դիրքորոշում ունի, որ նման լոզունգներով, նման կոչերով, նման կերպ բանակցության գնալն անհնար է»:
Ըստ դեսպանի՝ պատահական չէ, որ հայկական կողմը չի գնում տարածքային զիջումների. «Դրանից հետո Ստեփանակերտն անմիջապես կընկնի: Վարվում է ֆաշիստական, քսենոֆոբիայի քաղաքականություն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»:
Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է հասկանա, որ մեզ ոչ ոք չի օգնի, եթե մենք ինքներս չլուծենք մեր խնդիրները: Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանը չպետք է զենք վաճառի Ադրբեջանին. «Մենք էլ պետք է թույլ չտայինք, որ դա լիներ: Կան պահեր, երբ պետք է ասել՝ ոչ, սա հենց այդ ժամանակն է: Ես վերջերս Մոսկվայում էի ու ասացի՝ 5 միլիարդը Ռուսաստանն ի՞նչ է անելու, ինչո՞ւ դուք չկարողացաք այնպիսի դիրքորոշում գրավել, ինչպես կգրավի ՆԱՏՕ-ն, երբ իր անդամներից որևէ մեկի նկատմամբ նման քաղաքականություն վարվի: Այն, որ նույնիսկ Պուտինն ասաց, որ, եթե իրենցից զենք չառնեն, ուրիշից կառնեն, նման բան չկա. ՏՈՍ-1Ա-ն Ս-400-ը ոչ մի տեղ չկա, բացի ՌԴ-ից, ԱՄՆ-ից ու Անգլիայից: Վերջիններս չեն վաճառում, Ռուսաստանը վաճառում է, որովհետև Ռոգոզինի նման մարդիկ ասում են՝ վաճառել ենք ու պիտի վաճառենք»:
Դեսպանն ընդգծեց՝ պետք է կարողանանք Ռուսաստանին հասկացնել, որ իր արևելյան քաղաքականության մեջ եղել են վրիպումներ ու հիմա էլ կարող են լինել. «Մենք պետք է կարողանանք հասկացնել, որ աշխարհում կա դեպի մուսուլմանական, իսլամական աշխարհակարգ գնալու հզոր տենդենց, և այս տարածաշրջանում, Հայաստանից բացի, նրանք որևէ մեկի հետ չեն կարող հարաբերություններ զարգացնել: Լավրովյան ծրագիրը կասեցված է. նրանք հասկացան, որ այդ դեպքում կկորցնեն Հայաստանը, իսկ կորցնելով Հայաստանը՝ կկորցնեն տարածաշրջանը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: