
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԵՄ-ին Անկարային ստորացնելու մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Եվրամիությանը մեղադրել է Անկարային ստորացնելու մեջ և դարձյալ կոչ է արել չեղյալ հայտարարել ներգաղթյալների մասին համաձայնագիրը, եթե Եվրամիությունը Թուրքիայի հետ պահպանի վիզային ռեժիմը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Թուրք ժողովուրդը տրավմայի է ենթարկվել: Թուրքիային օգնելու փոխարեն եվրոպական երկրները մեզ ստորացնում են»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի համապատասխանի ԵՄ-ին անդամակցության կանոններին:
«Ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ հանցագործություն ենք մենք կատարել, որտեղի՞ց է այդ թշնամանքը»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա ԵՄ-ին մինչև հոկտեմբեր ժամանակ է տվել, որպեսզի Թուրքիային առանց վիզային ռեժիմ տրամադրի, հակառակ դեպքում սպառնացել է արգելափակել ներգաղթյալների հարցով ԵՄ պայմանագիրը: