Բաժիններ՝

«Մանկական Նոր ալիք-2016»-ին Միշան գրավել է երկրորդ հորիզոնականը

«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում եւ գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ: Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: Միշան «Մանկական Նոր ալիք-2016»-ի շրջանակում կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» եւ «Uptown Funk» երգերը:

Ինչպես եղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, փոքրիկ Միշան մրցույթի ընթացքն ու ստացած տպավորությունները դեռ երկար կհիշի, քանի որ այն իր մասնակցությամբ առաջին միջազգային մրցույթն էր: Միշան մրցույթի շրջանակում իր եզրափակիչ շնորհակալական խոսքում բոլորին հրավիրել է իր հայրենիք: «Բոլորին հրավիրեցի այստեղ, որովհետեւ ցանկանում եմ, որ բոլորը գան Հայաստան եւ Արցախ, ծանոթանան մեր մշակույթի հետ: Իսկ Արտեկում շատ լավ ժամանակ եմ անցկացրել, նոր ընկերներ եմ ձեռք բերել, նոր զգացողություններ ունեցել: Վստահ եմ դեռ երկար կհիշեմ այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- նշում է Միշան:

«Արցախի ձայներ» նախագծի հիմնադիր-ղեկավար, պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` Միշան իրեն լավագույնս է դրսեւորել մրցույթի շրջանակում: «Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր, նրանով հիանում էին, զարմանում, երբ իմանում էին, որ նա մասնակիցներից ամենափոքրն է: Բացի մրցանակային հորիզոնական գրավելուց, մի շարք հրավերներ եւ համագործակցության առաջարկներ ենք ստացել, որոնց մասին այժմ դեռ վաղ է բարձրաձայնելը: Թե դրանք ինչ ընթացք կունենան, ժամանակը ցույց կտա»,- նշում է Լիրա Քոչարյանը:

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն: Եթերի հեռարձակման մանրամասների մասին կհաղորդվի հավելյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս