Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են, այնուհետև տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին, ԵԱՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքին, դեղերի շրջանառության ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթին, որը սկիզբ կդնի ԵԱՏՄ տարածքում դեղերի միասնական շուկայի ձևավորմանը: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցեր՝ պայմանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետու­թյան անդամակցությամբ:

EATM 2 EATM 3 EATM 4 EATM 5 EATM 6

Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ է Միության իրավապայմանագրային բազայի ամրապնդման ուղղությամբ և այն պետք է հավասարապես կիրառվի ու ընդունվի անդամ- պետություններում:

ԵԱՏՄ անդամ երկրներում ապրանքների հետագծելիության ձևավորման միջոցառումների իրականացմանն առնչվող հարցի համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնող մեխանիզմի կիրառումը: Խոսելով դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող փաստաթղթերի մասին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում դեղամիջոցների միասնական սկզբունքների և կիրառման կանոնների արագ հաստատման կարևորությունը, ինչը ԵԱՏՄ երկրներին դուրս կբերի այս ոլորտի ընդհանուր շուկա և դեղարտադրողներին կընձեռի նոր հնարավորություններ, այդ թվում՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու առումով:

Նիստի արդյունքում հավանության են արժանացել վերոնշյալ փաստաթղթերը, որոնք ամրագրում են անդամ պետությունների փոխգործակցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաև ստորագրվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնաքայքայիչ նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման և օզոնաքայքայիչ նյութերի հաշվառման մասին» համաձայնագրին Ղրղզստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությունը:  Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում:

Տեսանյութեր

Լրահոս