ԱՄՆ-ում պատմել են 1967 թվականին միջուկային պատերազմի կանխման մասին
ԱՄՆ-ի գիտնականները եւ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող սպաները պատմել են Երրորդ համաշխարհային պատերազմի կանխման մասին, ինչին կարող էր հանգեցնել արեգակնային փոթորկի պատճառով ռադիոտեղորոշման սարքավորման տեղի ունեցած վնասվածքը: Դրան նվիրված ուսումնասիրությունը հրապարակվել է Space Weather հանդեսում, դրա մասին համառոտ հայտնել է ԱՄՆ-ի երկրաֆիզիկական միությունը:
Հրապարակման մեջ նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել 1967 թվականի մայիսի 23-ին: Այն ժամանակ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կորցրել էին ռադիոկապը ռադարների հետ, որոնք տեղակայված էին Հյուսիսային անդրբեւեռային շրջանում: Որոշելով, որ դրա պատճառը եղել են խորհրդային կողմի գործողությունները, ամերիկացի զինվորականները պատրաստվում էին մի քանի ինքնաթիռներ ուղակել ԽՍՀՄ-ի ուղղությամբ:
Օդուժը հարկ չեղավ գործի դնել, քանի որ զինվորականները ժամանակին ստացան օդերեւութաբանների տվյալները, որոնք մատնանշում Էին արեգակնային հզոր բռնկումը, ինչը բավարար էր ռադիոլոկացիոն սարքավորումը շարքից դուրս բերելու համար: Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, դա թույլ տվեց կանխել հակամարտությունը, որը կարող էր վերաճել միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի:
Հեղինակների կողմից ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ տեղի ունեցածի մասին իմացել է ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարությունը: Ուսումնասիրության հեղինակները նաեւ նշում են տիեզերական եղանակի կանոնավոր մոնիթորինգի օգուտն ու արդյունավետությունը, որին Միացյալ Նահանգները ձեռնամուխ է եղել 1950-ական թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: