
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերականգնվում են բարեկամական նկատառումներից ելնելով. Պուտին

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերականգնվում են ոչ միայն պրագմատիկ նկատառումներից ելնելով, այլ նաև երկու երկրների միջև առկա երկարաժամկետ բարեկամության հիման վրա: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ` այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ցանկանում եմ նշել. իսկապես, մեր միջպետական հարաբերություններում մենք ապրեցինք շատ դժվար ժամանակահատված, սակայն բոլորս շատ ենք ցանկանում, և մենք զգում ենք, որ դա են ցանկանում նաև մեր թուրք բարեկամները, հաղթահարել դժվարությունները հանուն Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիների շահերի: Մեր ժողովուրդների ամենաբարձր շահերը պահանջում են վերականգնել մեր միջպետական հարաբերությունները: Եվ ոչ միայն ելնելով պրագմատիկ նկատառումներից, այլ նաև Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև առկա երկարաժամկետ բարեկամությունից»,- ասել է Պուտինը:
Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի տարածքում ռուսական Су-24-ը խոցելու միջադեպից հետո առաջին անգամ Էրդողանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցություններ է վարել Պուտինի հետ: Այդ միջադեպը երկու երկրների միջև ճգնաժամի պատճառ էր դարձել:
Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել էին 2015-ի նոյեմբերի 16-ին Անթալիայում` G20-ի գագաթնաժողովի շրջանակում: