«Աշխարհում բոլորը պետք է ընկալեն, որ այսօրվա դրությամբ կան թեմաներ, որոնց պարագայում ճնշումները Հայաստանի վրա չեն կարող դրական արդյունքների բերել». Թևան Պողոսյան
«Ամեն ինչ կախված է նրանից, թե բանակցողները կամ այն մարդը, որը գնալու է՝ ներկայացնի երկիրը, ինչպես է օգտագործելու եղած իրավիճակը. կարող է օգտագործել դրականով, կարող է օգտագործել ոչ այդքանով»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի նախագահների՝ Բաքվում և Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպումներից, և հայաստանյան վերջին իրադարձություններն ինչպիսի՞ անդրադարձ կարող են ունենալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացի վրա:
Պատգամավորը նկատեց, որ, երբ այդ մակարդակի մարդիկ հավաքվում են, քննարկում են ոչ միայն՝ երեք երկրներին վերաբերող հարցեր, այլ նաև՝ համաշխարհային այլ տարբեր հարցեր. «Հասկանալի է, որ նաև անդրադարձ կկատարվի Ղարաբաղյան գործընթացին, թե ինչ կքննարկեն, ամեն մեկը կարող է իր տեսակետին մնալ: Դրանից հետո տեղի կունենա ռուս-թուրքական հանդիպումը, որից հետո տեղի է ունենալու հայ-ռուսական հանդիպումը՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Այս ամեն ինչի մեջ հասկանալի է, որ ամեն երկիր փորձելու է իր շահերից առաջնորդվելով՝ իր երկրի շահերն առաջ տանել: Մենք պետք է այնպես անենք, որ ինչ էլ կողմերը պայմանավորվեն, մենք կարողանանք ունակ լինել մեր շահերին պաշտպան կանգնել»:
Թ. Պողոսյանը կարծում է՝ մենք շատ արագ պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ դիրքորոշում ենք ընդունում. «Եղած իրադարձությունները բերել են մի իրավիճակի, որ աշխարհում բոլորը պետք է ընկալեն, որ այսօրվա դրությամբ կան թեմաներ, որոնց պարագայում ճնշումները Հայաստանի վրա չեն կարող դրական արդյունքների բերել»:
Մեր զրուցակիցը համոզված է, որ Հայաստանը պետք է կարողանա գիտակցել, որ այս ամեն ինչի մեջ պետք է իր ներքին կյանքը կայունացնի: Նա կարծում է՝ այսօրվա դրությամբ մեր խնդիրն ավելի շատ գտնվում է ոչ միայն՝ արտաքին, այլև՝ ներքին դաշտում. «Այլևս մենք իրավունք չունենք ժամանակ ձգելու, դանդաղ շտապելու կամ անելու արհեստական ինչ-որ քայլեր, մարդկանց տեղափոխություններ անելու, դրանցով ձևացնելու, թե ինչ-որ փոփոխություններ են կատարվում: Մենք բոլորս տեսել ենք, թե ովքեր պետք է պատժվեն, ոչ միայն այն մարդիկ, որ զենք են վերցրել իրենց ձեռքը և գործողություն են արել, այլ դրա հետ միասին՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Կլինի՞ դա, կձևավորվի՞ ներքին հասարակական կոնսոլիդացիա, պատրաստ կլինենք բոլոր միջազգային մարտահրավերներին դիմակայելու»:
Թ. Պողոսյանի ակնկալում է, որ գոնե այս անգամ առնվազն ամեն ինչ չի գնա նախկինի նման, այսինքն՝ խոսքերի մակարդակով, այլ իշխանությունները կգնան իրական գործողությունների և բոլոր այն խոստումները կկատարեն:
Մեր այն հարցին, թե ըստ Ձեզ՝ իշխանությունները դասեր քաղեցի՞ն այս ամենից՝ հաշվի առնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումները բացառվում են, եղան նաև բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության դեպքերը, Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Դասեր քաղելը կարելի է միայն գործողություններով տեսնել, առայժմ միայն խոսքով են ասում, որ դասեր են քաղել: Հուսով եմ՝ այս անգամ խնդիրներն այլ ձևով կդնեն, բայց սա միայն հույս է, դրա համար, երբ ասում են՝ դասեր քաղել, ես դա հասկանում եմ՝ իրական քայլերով և իրական արդյունքների վրա հիմնված»:
Անի Քեշիշյան