Սիրիայում խոցված ուղղաթիռի ռուս օդաչուների մարմինները գտնվում են ահաբեկչական «Ան-Նուսրա» խմբավորման մոտ. աղբյուր
Ռուս զինվորականների մարմինները, որոնք զոհվել են Սիրիայի Իդլիբ քաղաքում «Մի-8» ուղղաթիռի կործանման հետևանքով, գտնվում են «Ջաբհաթ ֆատհ աշ-Շամ» խմբավորման զինյալների մոտ, RIA Novosti-ին հայտնել է Հալեպի աշխարհազորայինների հրամանատարությանը մոտ աղբյուրը:
«Օգոստոսի 1-ին Իդլիբ նահանգում գետնից արձակած կրակոցի հետևանքով խոցվել է Հալեպ քաղաք մարդասիրական օգնություն տեղափոխած և «Խմեյմիմ» ավիաբազա վերադարձող «Մի-8» ռազմատրանսպորտային ուղղաթիռը»,- ասվում էր ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռում գտնվել էին անձնակազմի 3 անդամներն ու Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի 2 սպաները:
«Ռուսների մարմինները գտնվում են «Ջաբհաթ ան-Նուսրայի» մոտ: Դեռ հստակ չգիտենք, թե 2, թե 3 մարմին է ահաբեկիչների մոտ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` զինվորականների մարմինը գտնվում է մի խմբի մոտ, որը ղեկավարում է Մոհամմեդ Մուխեյսնի անունով Սաուդյան Արաբիայի մի քաղաքացի:
Նշենք, որ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, թե ավելի վաղ անհայտ խմբավորումը` «Բանտարկյալների հարցերով համընդհանուր հիմնադրամը» (General Foundation for Prisoners’ Affairs) հայտարարել է, որ ռուս զինվորականների մարմինները գտնվում են իր մոտ:
Reuters-ի տեղեկություններով` զինյալներն առաջարկել են մարմինները փոխանակել սիրիական բանտերից ազատ արձակված բանտարկյալների հետ:
RIA Novosti-ն դեռ չի կարողացել ստանալ ռուսական և սիրիական կողմերի մեկնաբանությունները: