
«Բարև Երևանը» խնդրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:
Հիշեցնենք, որ երկու ամսով կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Հաշվի առնելով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ նրանցից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեությանը շատ արժեքավոր է:
Հետևելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ «Բարև Երևանը» համոզմունք է հայտնում, որ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է: Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ խոչընդոտվել է քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացումը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է: