Բաժիններ՝

Գյումրիում թիվ 24 երթուղու վարորդները կես ճամփին իջեցնում են ուղևորներին

asparez.am. Այն, որ Գյումրիում ուղեւորներն ամբողջությամբ վճարում են, սակայն չեն հասնում վերջին կանգառ ու ստիպված իջնում են, որտեղ մատնացույց անի վարորդը, ամենեւին էլ նորություն չէ: Վարորդն է երբեմն որոշում երթուղու վերջին կանգառը եւ աշխատանքն ավարտած համարում: Վարորդներն այս հարցի պատասխանն ունեն` մտածում են մեքենաների մասին, քանի որ ճանապարհներն անբարեկարգ են, մյուս խնդիրը ուղեւորների պակասն է. 1-2 ուղեւորի դեպքում հարկ չեն համարում մի քանի մետր ավել վարել ու հասնել վերջին կանգառ:

Այս անգամ վարորդներից եւ երթուղուց հերթական դժգոհողը բնակվում է Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցում, հաճախ է օգտվում թիվ 24 միկրոավտոբուսային երթուղուց:

Պատմում է, որ մի քանի ամիս առաջ անհամեմատ վատ է աշխատել երթուղին, բնակիչների բողոքներից հետո հարցը որոշակիորեն կարգավորվել է: Սակայն, բնակչի խոսքով, 1-2 ամիս է` նորից նույն վիճակն է ստեղծվել. «դեռ մի բան էլ ավելի վատ»,-ասում է քաղաքացին ու նշում, որ երթուղին չի հասնում վերջին կանգառ, «Արագ սննդի» կետից հետո ետ է վերադառնում:

Փաստորեն, ուղեւորները ստիպված ոտքով են հասնում վերջին կանգառ, բայց եւ վճարում են ամբողջությամբ:

Գյումրիում թիվ 24 միկրոավտոբուսային երթուղու սկզբնակետը հաղթանակի պողոտան է, իսկ վերջնակետը` ապակու գործարանը:

«Ասպարեզ»-ի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը խոստանում է, որ հարցը կկարգավորեն, վարորդներին կզգուշացնեն ու այսուհետ վերջին կանգառը կլինի ապակու գործարանը:

Պաշտոնյան նաեւ փոխանցում է, որ միկրոավտոբուսներում փակցված է թեժ գծի հեռախոսահամար, ցանկացած դժգոհող քաղաքացի կարող է բողոքը փոխանցել հեռախոսազանգի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս